«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Բանակի օրվա կապակցությամբ զինվորականների առջև ունեցած ելույթում հայտարարել է, որ Իրանը երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությանը կպատասխանի ուժով և պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխանությունը:
Ահմադինեժադը չի մանրամասնել, թե ում են հասցեագրված իր այս խոսքերը, սակայն պաշտոնական Թեհրանը բազմիցս նմանատիպ հայտարարություններ հասցեագրել է ԱՄՆ-ին ու Իսրայելին, որոնք չեն բացառում Իրանի միջուկային ծրագրի ուժային կարգավորման տարբերակը:
Ահմադինեժադը նաև կարևորել է Պարսից ծոցի անվտանգության ապահովման հարցում տարածաշրջանային համագործակցությունը: Ահմադինեժադի այս հայտարարությունն արվել է ժամեր առաջ Կատարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք՝ Պարսից ծոցի արաբական 6 երկրների արտգործնախարարների հանդիպումից, որը նվիրված է Իրանի ու ԱՄԷ-ի միջև տարածքային վեճին:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, ինչ օրեր առաջ Ահմադինեժադն այցելեց վիճելի համարվող Աբու Մուսա կղզի, ԱՄԷ-ն Թեհրանից հետ կանչեց իր դեսպանին:








































