Իրանական Press TV-ին տված հարցազրույցի ժամանակ Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան չի կարող ամբողջովին ծածկել իրանական նավթի վրա դրված բեռնարգելքի պայմաններում առաջացած նավթային դեֆիցիտը.
«Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) բազմաթիվ նիստերում Սաուդյան Արաբիան երբեք չի ձգտել գրավել Իրանի տեղը: Սակայն վերջին ժամանակներս նա լրիվ փոխել է իր դիրքորոշումը: Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանման ավելացումը կարող է լինել միայն ժամանակավոր միջոց:
Սաուդյան Արաբիան ի վիճակի չէ պահպանել բարձր մակարդակ: Հետագայում այն կհանգեցնի չափազանց բացասական հետևանքների: Սաուդյան Արաբիան արդեն իսկ հասել է նավթի արդյունահանման գագաթնակետին:
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միակողմանիորեն սահմանած պատժամիջոցները չեն ազդել Իրանի վրա և չեն ստիպել նրան՝ նվազեցնելու հում նավթի արտադրության ծավալը: Մենք ունենք մշտական առևտրային գործընկերներ, որոնք ստանում են հավելյալ ծավալի նավթ»:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Իրանը նամակ էր գրել OPEC-ին՝ նրա անդամ երկրներին կոչ անելով չաջակցել Իրանի նկատմամբ սահմանված նավթային բեռնարգելքին: Նամակում նշված էր, որ OPEC-ի մի շարք անդամ երկրներ պետք է համագործակցության խելամիտ քաղաքականություն վարեն տարածաշրջանային բոլոր կարևոր խաղացողների հետ:






































