«Սարդարապատ» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, «Առաջին լրատվական»-ի խնդրանքով անդրադառնալով Երևանի քաղաքապետարանում ռուսերենի դասընթացներ կազմակերպելու Երևանի նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությանը, ասաց, որ այն հեռահար նպատակներ ունեցող քաղաքականություն է:
«Սա մեկուսացված հարց չէ: Եթե մենք չհասկանանք հարցի` համակարգ լինելու հանգամանքը, ապա կմանրանանք և հարցն էլ կմանրացնենք, գավառական մտածելակերպից այն կողմ չենք անցնի»,- ասաց Տիգրան Խզմալյանը: «Սարդարապատ» շարժման տվյալներով, ըստ կինոռեժիսորի, Ռուսաստանի տնօրինության տակ գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում, որի տնօրենը ռուսաստանցի է, աշխատանքից ազատել են այն մարդկանց, ովքեր բավարար չափով չեն տիրապետում ռուսերենին: «Այսինքն` Հայաստանում պետական լեզվին տիրապետելը բավարար չէ մասնագետին աշխատանքը պահպանելու համար»,- տեղեկացրեց կինոռեժիսորը: Նա թեև նշեց, որ, մարդիկ դիմելով դատարան վերականգնել են իրենց աշխատանքը, սակայն նկատվող միտումները մտահոգիչ են: Տիգրան Խզմալյանը նկատեց, որ մեր երկրում նախկինում հանրային սեփականություն համարվող շատ ձեռնարկություններ պարտքի դիմաց հանձնվում են օտարներին, ինչի հետևանքով վտանգվում է մեր ինքնությունը: