Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների դադարեցման կամ սառեցման հարցը չի դիտարկվում՝ չնայած «վեցնյակի» և Թեհրանի վերսկսված բանակցություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ստամբուլում կայացան «վեցնյակի» և Թեհրանի միջև բանակցությունները` Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Երկու կողմերից մասնակիցներն իրենց գոհունակությունն են հայտնել հանդիպումից: Բանակցության հաջորդ փուլը տեղի է ունենալու մայիսի 23-ին՝ Բաղդադում:
«Ոչ ոք չի խոսում պատժամիջոցային ռեժիմի դադարեցման կամ սառեցման մասին, բացի իրանցիներից»,- ասել է Թոները:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք մայիսին կայանալիք հանդիպումը կարո՞ղ է փոխել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցային ռեժիմը, Թոներն ասել է. «Եկեք սպասենք, թե ինչ կլինի Բաղդադում»:
Միջազգային միջնորդների խումբը` «վեցնյակը», որի մեջ մտնում են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան՝ ԱԷՄԳ-ի հետ միասին, 2003 թվականից փորձում են հասնել նրան, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացման աշխատանքները:
Նշենք, որ Իրանի դեմ գործում են ՄԱԿ ԱԽ-ի չորս պատժամիջոցային բանաձևեր: