«Բոկշտիգել» գերմանական նավատորմային ընկերությունը հերքել է ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ Տարտուս նավահանգիստ գնացող նավի վրա գտնվում է զինամթերք Բաշար Ասադի վարչակարգի համար: Այս մասին հայտնել են ընկերությունում:
Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ «Սիրիա են ուղարկվում սարքավորումներ՝ ՋԷԿ-ի համար»: Ներկա պահին ընկերությունը տեղեկատվություն չունի այն մասին, որ նավում գտնվում են բեռներ, որոնք փաստաթղթերում գրանցված չեն: Հաղորդագրության մեջ նաև նշվել է, որ նավն ամբողջությամբ բարձված է, այդ պատճառով նավի անձնակազմը ստուգել է միայն այն բեռնախցիկները, որոնք հասանելի են եղել: Դրանցում եղել են միայն լարեր և խողովակներ:
Այսպիսով, ընկերությունը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ նավի վրա գտնվում է զինամթերք` նախատեսված Բաշար Ասադի վարչակարգի համար:
Ապրիլի 13-ին «Բոկշտիգել» ընկերությունն էլեկտրոնային փոստով հաղորդագրություն էր ստացել «Սիրիական ռազմածովային ուժերի հեղափոխական կազմակերպությունից»: Դրանում ասվում էր, որ նավում գտնվում է զինամթերք, որը չպետք է հասնի նշանակման կայան, հակառակ դեպքում՝ այն կխորտակվի: Այս հաղորդագրությունը ստանալուց հետո ընկերությունը որոշել է փոխել նավի ուղղությունը դեպի Թուրքիա՝ մինչ իրավիճակի պարզաբանումը:








































