Գերմանացի ոստիկանների համար գնված նոր պարեկային ավտոմեքենաները չափազանց նեղ են: Այս մասին հաղորդել է Hessischer Rundfunk-ը: Հարցումին մասնակցած ոստիկանների մեծ մասն ասել է, որ Opel Insignia մակնիշի ավտոմեքենաների նստատեղերը շատ նեղ են: Նրանց խոսքերով՝ հնարավոր չէ տեղավորվել նստատեղի մեջ` ունենալով ոստիկանի օգտագործման բոլոր իրերը` ատրճանակ, գավազան, հեռախոս և այլն: Բացի այդ, հետնամասի ապակին սահմանափակում է վարորդի տեսադաշտը: Այս պատճառով ոստիկանները նախընտրում են օգտվել Opel Zafira մակնիշի հին ավտոմեքենաներից:
Արհմիության կարծիքով՝ նախարարությունը պետք է սկզբում փորձարկեր մեքենաները, ապա նոր մեծ քանակությամբ մեքենաներ պատվիրեր: Ներքին գործերի նախարարությունում, որը պատվիրել է մեքենաները, հայտարարել են, որ տեղյակ են նոր մեքենաների խնդիրներից:
Գերմանիայի իշխանություններն Opel ընկերության հետ պայմանագիր են կնքել` Insignia Sports Tourer մակնիշի 800 ավտոմեքենա գնելու համար: Ավտոմեքենաների ընդհանուր գումարը կազմել է 25 միլիոն եվրո: Ներկա պահին իրավապահ մարմինները ստացել են 200 նոր մեքենաներ:











































