Հայ ազգային կոնգրեսն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում Արարատի մարզում է: Առաջին հանդիպումն ընտրողների հետ Մասիս քաղաքում էր: Կոնգրեսականներն ապշած էին, որովհետև Մասիսի կենտրոնական հրապարակը գրեթե դատարկ էր, և միայն մայրաքաղաքից եկածներս հանրահավաքի տպավորություն ստեղծեցինք:
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի ժամանակ հայտնեց, որ իրենց հանդիպումները միշտ մարդաշատ են եղել մասնավորապես Մասիսում և Էջմիածնում: Տեր-Պետրոսյանը հրապարակի դատարկ լինելը պայմանավորեց 2008-ից հետո եղած արտագաղթով. «Բոլոր ընտրություններում վախի մթնոլորտը եղել է, ընտրակաշառք բաժանել են, բայց բոլոր նախագահական ընտրություններում էլ ժողովուրդը հաղթել է` Ռոբերտ Քոչարյանը ո՛չ 98 թվականին, ո՛չ 2003-ին նախագահ չի ընտրվել, Սերժ Սարգսյանը 2008-ին նախագահ չի ընտրվել»:
Նա խոսեց նաև հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին` նշելով, թե Սերժ Սարսգսյանն ընտրություններից առաջ էր համաձայնել Մադրիդյան սկզբունքների հետ, իսկ մասիսցիներին ոչ թե արտաքին քաղաքականությունն էր հետաքրքրում, այլ շատերը եկել էին մի կտոր հաց, աշխատանք խնդրելու առաջին նախագահից:
Տեր-Պետրոսյանը նշեց նաև, որ Սերժ Սարգսյանը մի մեծ հանցանք էլ է գործել` դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին, գյուղապետերին թշնամացրել է իրար հետ: «Սա է ամենամեծ դավաճանությունը: Հիմա պիտի ասեք` դո՞ւք ինչ եք անելու: Մեզ տեսել եք` ինչ ենք արել, ինչու մինչև 98 թիվը ոչ ոք վախեցած չէր: Գիշեր-ցերեկ հանրապետության հրապարակում հանրահավաքներ էին անում: Մենք գալիս ենք, որպեսզի դուք ձեզանից չվախենաք, որպեսզի դուք կարողանք ձեր սրտի ուզածն ասել Ուզո՞ւմ եք այս թշվառությունից դուրս գալ, ամբողջ ազգին սարքել են ճորտ, բատրակ, անլեզու: Իշխանությունը գող, ավազակ կլինի, թալանչի կլինի՝ եթե նրանից պահանջող չկա։ Ընտրե՛ք մեզ, եթե սխալ կանենք՝ մեր վզին էլ տվեք ու վռնդեք մեզ»,- իրենց իշխանության գալու մղումն այսպես բացատրեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Առաջին լրատվական»-ը փորձեց հրապարակի կից այգուց հանրահավաքին հետևող մասիսցիներից տեղեկանալ, թե իրենք ինչու չեն մոտենում հարթակին: Մեր զրուցակիցները, պայմանով, որ իրենց չնկարահանենք, տեղեկացրին, թե մասիսցիները ԲՀԿ-ից ու ՀՀԿ-ից ընտրակաշառքները վերցրել են, հիմա գան, ի՞նչ անեն»:
Ելույթ ունեցան նաև Լևոն Զուրաբյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և Մասիսի ընտրատարածքում առաջադրված, ՀԱԿ անդամ Գևորգ Գևոգյանը:
Այս պահին կոնգրեսականները շարունակում են քարոզարշավը` Արտաշատ քաղաքում: Այստեղ էլ Ամո Խարազյանի անվան պետական թատրոնին հարակից հրապարակում հավաքվածներ չկան: Արամ Մանուկյանը հայտարարեց, որ հավաքը տասնհինգ րոպե հետո կսկսվի, քանի որ ժամի հետ կապված խնդիրներ են եղել:










































