ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ապրիլի 13-ին Նիդերլանդների Աբովյան մշակութային միությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին բացման խոսքով հանդես է եկել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Իր ելույթում դեսպանն անդրադարձել է Եղեռնի հետևանքներին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կարևորությանը` նշելով. «Թեև աշխարհասփյուռ հայության համառ ջանքերն` ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հանգեցրել են այդ հարցի շուրջ քննարկումների որոշ ազատականացման թուրքական հասարակության մեջ, …սակայն արխիվները շարունակում են փակ մնալ, Թուրքիայի կառավարությունը ջանք և միջոց չի խնայում իր ժխտողական մոտեցումներն առաջ մղելու, քաղաքական ճնշում գործադրելու համար, որպեսզի կանգնեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանության ժխտման քրեականացման անկասելի առաջընթացը»:
Միջոցառմանը «Հայոց ցեղասպանությունը և ժամանակակից Թուրքիայի կայացումը» (Armenian Genocide and the Making of Modern Turkey) թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր, դոկտոր Ուր Ումուտ Ունգորը (Dr. Ugur Umit Ungor): Վերջինս իր ելույթում անդրադարձ է կատարել թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության իրականացման տնտեսական դրդիչ գործոններին` կոնկրետ օրինակներով ներկայացնելով արդեն իսկ հանրայնացված արխիվային նյութերով հիմնովին փաստվող հսկայածավալ ծրագրված ու իրականացված գործողությունները:










































