Ապրիլի 14-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում արդեն մեկ այլ դատավորի` Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվել է «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանի քրեական գործով երկրորդ դատական նիստը:
Նարեկ Հարթունյանի պաշտպաններից Անի Թորոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ հերթական նիստի ժամանակ դատավորը մերժել է թե՛ իր, թե՛ պաշտպան Հայկ Ալումյանի ներկայացրած միջնորդությունները, որոնցով պաշտպանները բացարկ են հայտնել գործով մեղադրող դատախազ Բագրատ Պետրոսյանին:
Հայկ Ալումյանի կողմից ներկայացված միջնորդության հիմքն այն էր, որ դատախազը միտումնավոր դատավարական ժամկետները սխալ է հաշվարկել, ինչը պաշտպանը թյուրիմացություն չի համարում և վստահ է, որ ի սկզբանե իր պաշտպանյալի նկատմամբ կանխակալ վերաբերմունք է դրսևորվել:
Իսկ Անի Թորոսյանի ներկայացրած միջնորդությունը վերաբերել է դատախազի` դատարանի դահլիճում արած սուտ հայտարարությանը:
Բանն այն է, որ դեկտեմբերի 30-ին Վերաքննիչ քրեական դատարանում դատախազ Պետրոսյանը դատարանին միջնորդել է հետաձգել դատական նիստը այն պատճառաբանությամբ, որ այլ դատական նիստի է մասնակցում: Պաշտպանական կողմի այն հարցադրմանը՝ ո՞ր քրեական գործով և կոնկրետ ո՞ր դատարանում է նիստի մասնակցում, նա հրաժարվել է պատասխանել՝ ասելով, թե պարտավոր չէ հաշվետու լինել պաշտպանական կողմին: Սակայն դրանից հետո պաշտպանական կողմը, հարցում ուղարկելով դատական դեպարտամենտ և ՀՀ բոլոր դատարաններ, պարզել է, որ դատախազ Պետրոսյանն այդ օրը որևէ դատական նիստի որևէ դատարանում չի մասնակցել, այսինքն` դատախազն ընդամենը միտում է ունեցել հետաձգելու դատական նիստը, թե ինչ պատճառով և ում հետ ինչ համաձայնեցնելու համար, Անի Թորոսյանի խոսքով, դեռևս մութ կմնա, մինչև չպարզվի, թե ովքեր են կանգնած այս ամենի ետևում:
Դատավոր Ազարյանը, սակայն, դատական նիստի ժամանակ մերժել է երկու միջնորդություններն էլ, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ինքնաբացարկի հիմքերում նման հիմք առկա չէ:
Անի Թորոսյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ նիստի ժամանակ իրենք ներկայացրել են նաև միջնորդություն` ընկերության գույքը կալանքից հանելու վերաբերյալ, իսկ դրա կապակցությամբ դատարանին անհրաժեշտ է եղել որոշակի ժամանակ` փաստաթղթերն ուսումնասիրելու համար, քանի որ Կենտրոնի դատարանում քննվում է քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքը, որը մերժել էր դատախազը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 23-ին:










































