Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան իր բանակի անձնակազմի քանակով ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների թվում զբաղեցնում է 2-րդ տեղը, մինչդեռ ռազմական ծախսերի ցուցանիշով 7-րդն է:
Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի զինվորների թիվը 3.5 միլիոն է, որից 2,027,000-ը բաժին է ընկնում Եվրոպային, իսկ 1,487,000-ը՝ Հյուսիսային Ամերիկային: ՆԱՏՕ-ի անդամ երկրների թվում ամենամեծ բանակն ունի ԱՄՆ-ը՝ 1,427,000 մարդ: Թուրքիան իր 720,000-անոց բանակով երկրորդն է: Ապա գալիս են Ֆրանսիան՝ 227,000, Գերմանիան՝ 205,000, Մեծ Բրիտանիան և Իտալիան՝ 192,000-ական, Իսպանիան՝ 127,000, Հունաստանը՝ 124,000-ը և Լեհաստանը՝ 100,000:
Ռազմական ծախսերի ցուցանիշով ՆԱՏՕ-ի անդամ երկրների թվում առաջատարը նույնպես ԱՄՆ-ն է, որի ցուցանիշը 2011 թվականին կազմել է 731.9 միլիարդ դոլար: ԱՄՆ-ին հաջորդում են Մեծ Բրիտանիան՝ 63.6 միլիարդ դոլար, Ֆրանսիան՝ 53.4 միլիարդ դոլար, Գերմանիան՝ 48.1 միլիարդ դոլար, Իտալիան՝ 30.2 միլիարդ դոլար, Կանադան՝ 23.7 միլիարդ դոլար: Թուրքիան իր 14.5 միլիարդ դոլար ցուցանիշով 7-րդն է: Առաջատար տասնյակում են գտնվում նաև Իսպանիան՝ 14 միլիարդ դոլար, Հոլանդիան՝ 11.3 միլիարդ դոլար և Լեհաստանը՝ 8.9 միլիարդ դոլար:








































