Չարլզ Սպենսեր Չապլինը ծնվել է 1889թ. ապրիլի 16-ին էստրադային դերասանների ընտանիքում: Նրա ծնողները բազմաթիվ ելույթներ են ունեցել Եվրոպայում ու ԱՄՆ-ում, սակայն ունեցել են ողբերգական ավարտ` հայրը կորցրել է ձայնը, չարաշահել է ալկոհոլն ու մահացել, իսկ մայրը խելագարվել է:
Մանուկ հասակում Չարլին շատ է ելույթ ունեցել, մասնակցել մնջախաղերի` իրեն փորձելով ծաղրածուի դերում, կիսատ է թողել դպրոցը` հանապազօրյա հացը վաստակելու համար:
14 տարեկանում վերջապես բախտը ժպտացել է տղային. նա թատրոնում մշտական աշխատանք է ստացել:
Շուտով նրան նկատում են կինոինդուստրիայի ներկայացուցիչները, նա հանդես է գալիս որպես դերասան, իսկ հետագայում ինքն է դառնում ժապավենների հեղինակ:
1917թ. Չապլին այդ ժամանակի թատրոնի ու կինոյի ամենաթանկ վարձատրվող դերասանն էր, ով 1 միլիոն դոլարանոց պայմանագիր էր կնքել First National Pictures ստուդիայի հետ:
Չնայած այն բանին, որ կինոն շուտով դարձավ հնչյունային, ապա` գունավոր, մեծ վարպետի կերտած «Թափառականի» կերպարը դարձավ դասական ու մինչ օրս էլ համարվում է ընդօրինակման առարկա: Այդ կերպարը` լայն տաբատով, գլխարկով ու ձեռնափայտով, դարձավ դերասանի այցեքարտը:
Չապլինն ամուսնացել է 4 անգամ, ունեցել 11 երեխա: Նրա չորրրորդ կինը` Ունա Օ′Նիլը, Չապլինից փոքր էր 37 տարով ու երեխա պարգևեց ամուսնուն, երբ մեծ կատակերգուն 72 տարեկան էր:







































