«Դեռևս 1916 թվականին մի ծրագիր է իրականացվել` «Վշտապատում» անվանումով: Տարբեր տարիքի մարդիկ շրջել են հայ գաղթականների բնակավայրերով և տեղեկացել, թե ինչ է տեղի ունեցել այդտեղ: Մենք ունենք այդպիսի 100 փաստաթուղթ, որոնք առանց բացառության պատրաստ են հրատարակվելու: Գումարը և տպարանը արդեն պատրաստ են, ունենք հովանավորներ»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նա նշեց, որ նախատեսել են մինչև ապրիլի 24-ը հրատարակել այն, բայց անունների հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչի պատճառով հրատարակումը հետաձգվել է մինչև մայիս: Երեք հատորներից առաջինը վերաբերում է Վանին, երկրորդը՝ Բիթլիսին, երրորդը՝ Կարս, Տիգրանակերտ, Խարբերդ և մյուս հայաբնակ վայրերին:
Բանախոսի խոսքերով՝ իրենց նպատակն է հրատարակել նաև 4-րդ հատորը, որը կներկայացնի Կիլիկիայի հայաթափության փաստերը: Վիրաբյանը նշեց, որ բացի այդ ծրագրերից՝ պատրաստվում են իրականացնել ևս երկու կարևոր ծրագիր:
«Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի ջանքերով ստեղծվեց մի հանձնախումբ, որը շրջելով գաղթականների շրջաններում՝ գրի էր առնում, թե ինչ բարոյական վնասներ են կրել նրանք: Դրանք գրի են առնվել ռուսերենով: Կա շուրջ 29 հազար այդպիսի փաստաթուցթ»: Նա հավաստիացրեց, որ իրենք պատրաստվում են մի քանի հատորով տպագրել դրանք:
Հաջորդ կարևոր քայլը 1915-1922 թթ. ջարդի զոհ դարձած մարդկանց անուններով և տվյալներով էլեկտրոնային շտեմարանի ստեղծումն է: Բանախոսը հավելեց, որ այս բոլոր փաստաթղթերը համադրելով՝ հասկանում ենք, թե ինչ մեխանիզմով է իրականացվել Ցեղասպանությունը, իսկ այդ գործում իրենց դերն են ունեցել քրդերը և չերքեզները:






































