Աֆղանստանի մայրաքաղաքի փողոցներում շարունակվում են հրաձգությունները տեղական ոստիկանության և «Թալիբան» շարժման գրոհայինների միջև, ովքեր կիրակի օրը Քաբուլում և Աֆղանստանի մի շարք քաղաքներում հարձակումներ են իրականացրել:
Միաժամանակ երկրի նախագահ Համիդ Քարզայի ներկայացուցիչը BBC-ին տված հարցազրույցում հերքել է նախագահի նստավայրի վրա հարձակման մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները:
Քաբուլում BBC-ի թղթակիցը հաղորդում է, որ ականատեսների խոսքերով՝ քաղաքի մի շարք շրջաններում առաջվա պես լսելի են հատուկենտ կրակոցներ և պայթյուններ:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հայտարարել էր Քաբուլի յոթ տարբեր վայրերում հարձակումների մասին, սակայն զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան: Համաձայն նախնական տվյալների՝ բախումների ընթացքում զոհվել է 14 գրոհային:
Աֆղանական հատուկ ծառայությունները ենթադրում են, որ պայթյունների շարքը կազմակերպված է եղել «Խականիի ցանց» ծայրահեղական խմբավորման կողմից: «Դեռ վաղ է վերջնական ենթադրություններ անել, սակայն դատելով գործողություններից՝ «Խականին» նրանց հետ կապ ունի»,- Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Interfax-ը:










































