Իրանը մերժել է ԱՄՆ-ի` Ստամբուլում միջուկային հարցով իսլամական հանրապետության և վեց գերտերությունների բանակցություններում երկկողմանի հանդիպում անցկացնելու խնդրանքը, շաբաթ օրը հաղորդել է IRNA պաշտոնական տեղեկատվական կայքը:
Այս հաղորդագրության առնչությամբ որևէ մեկնաբանություն չի հնչել ամերիկյան դիվանագետների կողմից: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Իրանի հետ անմիջական դիվանագիտական հարաբերություններ չունի ավելի քան երեք տասնամյակ: ԱՄՆ ներկայացուցչի գործառույթները Թեհրանում իրականցնում է Շվեյցարիայի դեսպանատունը:
IRNA-ի զեկույցը հաջորդել է իրանական երկու այլ տեղեկատվական գործակալությունների իրարամերժ հաղորդագրություններին` միջուկային ծրագրի հարցերով իրանական բանակցային խմբի ղեկավար Սաիդ Ջալիլիի և ամերիկյան պատվիրակության ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանի հեռանկարային հանդիպման մասին:
«Իրանական պատվիրակությունը մերժել է ամերիկյան պատվիրակության ներկայացուցչի` Ուենդի Շերմանի երկողմանի հանդիպման խնդրանքը»,-հաղորդել է IRNA գործակալությունը: