Հայ ազգային կոնգրեսը երեկ հատուկ հայտարարությամբ պատասխանել է «Ժամանակի» խմբագիր Արման Բաբաջանյանին` հայտարարելով, որ ես չէ, որ պետք է լինեմ Կոնգրեսի քայլերի հավատաքննիչը: Կոնգրեսի պատասխանն, ըստ էության, շեղում է խնդրո առարկա հրապարակման հարցադրումներից, և խնդիրն անձնականացում, ինչը, երևի թե, հանդիսանում է պարզապես բարձրացված հարցադրումների առումով պատասխանների բացակայության վկայություն: Կամ էլ Կոնգրեսը հասկանում է, որ հարցադրումների պատասխանները կարող են շատ դժվար լինել և խոչընդոտել այն խաղի ընթացքին, որ Կոնգրեսը համաժողովրդական շարժման անվան տակ սկսել է ժողովրդին կեղեքել համակարգի ցցուն մասնիկներից մեկի՝ Բարգավաճ Հայաստանի հետ, որի հետևում Ռոբերտ Քոչարյանի ականջների գոյության փաստը չնկատելու է տալիս, երևի թե, միայն Հայ ազգային կոնգրեսը: Իսկ խնդիրն իրականում կարևոր է, որովհետև առնչվում է Հայաստանի հասարակական ու պետական զարգացման հեռանկարներին:
Բանն այն է, որ այդ հեռանկարների լուսավորության միակ երաշխիքը Հայաստանում համաժողովրդական քաղաքացիական շարժումն է: Հայ ազգային կոնգրեսը, հիմնվելով 2008 թվականի ժողովրդական զարթոնքի վրա, ուներ այդ շարժման հենքը, հարթակը դառնալու լավ հնարավորություն: Բայց Կոնգրեսը սպառեց այդ հնարավորությունը նախ իշխանության մի մասի հետ երկխոսելով, իսկ հիմա էլ մնացածն է սպառում երկխոսելով մյուս մասի հետ: Դա, անշուշտ, Կոնգրեսի և նրա պոլիտբյուրոյի խնդիրն է, իրավունքը: Պարզապես ամբողջ հարցն այն է, որ հարկավոր է հստակեցնել և այդ ամենից բաժանել համաժողովրդական արժեքներն ու կարգախոսները, որովհետև դրանցում, կարծես թե, ոչ մի կերպ չէր ենթադրվում դեմոկրատիայի համար պայքար հռչակված ավազակապետության զինված ներկայացուցիչների հետ:
Կրկնում ենք` Կոնգրեսի պոլիտբյուրոյի իրավունքն է անել ու հաշվարկել ինչ կկամենան, ինչի համար կկամենան, բայց պետք չէ այդ դեպքում այդ ամենն անել համաժողովրդական շարժման և կարգախոսների անվան տակ, որովհետև այդ կարգախոսներն ու շարժումն ափսոս են, դրանք դեռ հնարավոր է փրկել, պահել, դարձնել քաղաքացիական Հայաստանի արդյունավետ մաս: Կոնգրեսի պոլիտբյուրոն թող իր հաշվարկներն ու հույսերը կապի ԲՀԿ-ի հետ, Ռոբերտ Քոչարյանի հետ, Դաշնակցության կամ կոմունիստների հետ, թող վերանայի իր երեկվա, նախորդ օրվա, 4 տարի առաջվա, 14 տարի առաջվա մոտեցումներն ու գնահատականները, թող ավազակապետը հռչակվի փրկիչ ու դեմոկրատ, թող երեկվա ահաբեկիչը, որին թևերը քշտած հետապնդում էին պետության դեմ դավադրության համար, այսօր դառնա պետություն ղեկավարելու ցանկալի ուժ, ինչպես ասում են՝ գնացեք, սիրեք, ամուսնացեք, խեղդվեք՝ ծովը ձեր կողքին է, միայն թե հանգիստ թողեք, ուրեմն, հասարակությունն ու քաղաքացիական արժեքները, որովհետև այն, ինչով դուք զբաղվում եք այսօր, դրա հետ ոչ մի կապ չունեն, ոչ մի կապ չունեն Սահմանադրական կարգի հետ, որը հռչակվել է իբրև թե գլխավոր նպատակ:
Սահմանադրական կարգ չի հաստատվում մարդկանց հետ, որոնք տարիներ շարունակ գործել ու առ այսօր գործում են Սահմանադրական կարգից դուրս, որոնք հայտարարում են ազատ և արդար ընտրության համար պայքարի մասին, բայց շենքերի բակերում և փողոցներում ընտրակաշառք են բաժանում, անձնագրային տվյալներ են հավաքագրում: Սա է ընդամենը խնդիրը, որն, իհարկե, կարելի է անձնականացնել, բայց դրանից, իհարկե, հանրային վտանգները, պետական վտանգները չեն չեզոքանում, այլ հակառակը՝ բազմապատկվում են, որովհետև ժողովրդի անունից կատարվող իշխանական ինտրիգներին ու խարդավանքներին ավելանում են նաև ժողովրդի անունից կատարվող ընդդիմադիր ինտրիգներն ու խարդավանքները:
Մինչդեռ ափսոս է այն ռեսուրսը, ազնիվ, նվիրյալ մարդկանց այն ռեսուրսը, որն առկա է նաև Հայ ազգային կոնգրեսի շարքում: Այդ մարդիկ վերածվել են ընդամենը ինտրիգային քաղաքականության գործիքի, մինչդեռ նրանք քաղաքացիական Հայաստանի ամենաթանկ ռեսուրսն էին, և թերևս հանդիսանում են մինչև այժմ, բայց աստիճանաբար մսխվում են քաղաքական ինտրիգների մեջ: Այս խնդիրների վերաբերյալ հստակ պատասխանների բացակայությունը կարելի է փորձել կոծկել անձնական հարթության վրա, բայց դա, ըստ էության, վկայում է այն, թե որտեղից ուր է հասել համաժողովրդական շարժումն ու ինչ է մնացել այդ շարժումից, ինչ որակ, ինչ մասշտաբ, ինչ մտածողություն: Սա է ցավալին, ոչ թե պոլիտբյուրոյից հնչող այս կամ այն գնահատականը որևէ անձի հասցեին:
Բայց, պատմությունը վկայում է, որ պոլիտբյուրոները գալիս են ու գնում, իսկ ժողովուրդը մնում է և ի վերջո` հարցերը լուծում է հենց ժողովուրդը, երբ պոլիտբյուրոները մեկը մյուսի հետևից զբաղվում են ընդամենը իրենց անձնական և կլանային հարցերը, անձնական ու կլանային քենն ու հաշիվները լուծելու «ազգանվեր» ու պետականաշեն գործով: Այս ամենն ընդամենը մի պարզ ճշմարտություն է հաստատում, որ քաղաքացիական պայքարը Հայաստանում չունի այլընտրանք, և որքան էլ որ այն պահանջում է քաղաքական ֆորմաներ, միևնույն է, ակնհայտ է՝ այն ֆորմաները, որ կային մինչև հիմա, վաղուց սպառել են իրենց և այլևս ունակ չեն ազնվորեն ծառայել քաղաքացիական հասարակությանը:









































