Բրիտանական Bee Gees երաժշտական խմբի անդամ Ռոբին Գիբը կոմայի մեջ է: Rosbalt.ru-ի ներկայացմամբ` 62-ամյա երաժիշտը գտնվում է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում: Անցյալ տարեվերջին բժիշկները քաղցկեղ էին ախտորոշել:
Վերջին ամիսներին նա ենթարկվել է վիրահատության և քիմիաթերապիայի ինտենսիվ կուրս է անցել: Նրա վիճակը կարծես թե կարգավորվում էր, սակայն ներկայումս բժիշկները չեն բացառում, որ նրա օրգանիզմում ևս մեկ ուռուցք կա: Բացի դրանից` նա հիմա թոքաբորբ է տանում:
Բժիշկները դեռևս չեն կարողանում հստակ ասել, թե ինչի պատճառով է երաժիշտը կոմայի մեջ հայտնվել: Հնարավոր է, որ պատճառը ուղեղի ուռուցքը կամ որևէ սուր ինֆեկցիա է:
Bee Gees երաժշտական խումբը բաղկացած էր 3 մարդուց: Վոկալիստներ Բարի և Ռոբին Գիբբերը, ինչպեսև կիթառահար Մորիս Գիբբը եղբայրներ են: Բարի Գիբբը ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 1-ին Մանչեսթերում, իսկ Ռոբին և Մորիսը երկվորյակներ են, ծնվել են 1949 թվականի դեկտեմբերի 22-ին: 2003 թվականին խումբը դադարեց գոյություն ունենալուց: Պատճառը Մորիսի մահն էր: 2009 թվականի վերջին Բարին և Ռոբինը հայտարարեցին խմբի վերածննդի մասին:









































