Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը ԱՄՆ-ին կոչ է արել ամրապնդել հարաբերությունները Հարավային Ամերիկայի երկրների հետ:
«ԱՄՆ-ն նկատելի շահույթ կունենա, եթե հասկանա, որ իր երկարատև ռազմավարական հետաքրքրությունները կապված են ոչ թե Աֆղանստանի կամ Պակիստանի, այլ Լատինական Ամերիկայի հետ»,- Reuters գործակալությունը մեջբերում է Սանտոսի խոսքերը:
Քաղաքական գործիչը պրագմատիզմի կոչ է արել տարածաշրջանի երկրների ղեկավարներին: «Եկեք հարգենք մեր տարբերությունները, բայց գործենք համաձայնեցված: Ով կարող էր նախկինում պատկերացնել, որ Կոլումբիան ու Վենեսուելան կարող են համագործակցել»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Կոլումբիան հարաբերությունները կարգավորել է Վենեսուելայի հետ երկու տարի առաջ: Դրա հետ մեկտեղ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը չի հաստատել իր ներկայությունը այս հանդիպմանը:
Նշենք, որ կոլումբիական Կարտախենում ապրիլի 14-15-ը անցկացվում է միջազգային համագումար: Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բոգոտայում և Կարտախենում առավոտյան պայթյուններ են եղել, սակայն տուժածներ չկան: Ոստիկանությունը համոզված է, որ աջ պահպանողական ուժերը նման կերպ ցանկանում են կանխել համագումարին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասնակցությունը:
Ավելացնենք, որ այս համագումարը հեշտ չի լինելու Օբամայի համար, քանի որ քննարկվելու է թմրանյութերի օրինականացման և Կուբայի նկատմամբ պատժամիջոցների դադարեցման հարցը: Հարցի դրական լուծմանը կողմ են մի քանի լատինաամերիկյան երկրներ: ԱՄՆ-ը, սակայն, պատրաստ չէ այդ հարցերի շուրջ զիջումների գնալ:











































