Սիրիական բանակը շաբաթ` ապրիլի 14-ի գիշերը, վերսկսել է Հոմսի կենտրոնում գտնվող երկու շրջանների հրետանային գնդակոծումը:
Reuters-ի տվյալներով` այս մասին հաղորդել են իրավապաշտպաններն ու դեպքերի ականատեսները: Syrian Observatory for Human Rights կազմակերպության իրավապաշտպաններն ընդգծել են, որ հրացանազարկի հետևանքով վիրավորվել են Հոմսի մի քանի բնակիչներ: Սպանվածների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Այսօրվա տվյալներով` քաղաքի վրա շարունակում են արկեր տեղալ:
Հիշեցնենք, որ Սիրիայում կոնֆլիկտի կողմերի միջև հաշտությունն ուժի մեջ է մտել ապրիլի 12-ին՝ տեղական ժամանակով ժ. 06:00-ին (Երևանի ժամանակով ժ. 07:00-ին): Նույն օրը ՄԱԿ-ի ու Արաբական երկրների լիգայի Սիրիայի հարցով հատուկ պատվիրակ Քոֆի Անանը հայտարարեց, որ սիրիական իշխանությունները մինչև վերջ չեն կատարում երկրում քաղաքական ճգնաժամի հաղթահարման պլանը:
Նա կոչ էր արել ՄԱԿ-ի ԱԽ-ին` հնարավորության սահմաններում ազդել Դամասկոսի վրա ու ստիպել ռազմական ծանր տեխնիկան դուրս բերել սիրիական քաղաքներից:
ՄԱԿ-ի տվյալներով` սիրիական կոնֆլիկտի զոհ է դարձել շուրջ 9000 մարդ:










































