Սերժ Սարգսյանը երեկ Արարատի մարզի Ավշար համայնքում կոչ է արել քվեարկել ՀՅԴ թեկնածուի օգտին: Սա իսկապես հետաքրքրական կոչ է:
Բանն այն է, որ հազիվ թե Ավշար համայնքում Ավշարի գործարանի սեփականատերն ունենար ընտրվելու խնդիր: Այսինքն` նա հազիվ թե ունենար Սերժ Սարգսյանի կոչի անհրաժեշտությունը, առավել ևս, որ նրա դեմ չկա որևէ նշանակալից թեկնածու: Հետևաբար, Սերժ Սարգսյանի քայլն ընդգծված քաղաքական հաշվարկ է` կապված ՀՅԴ հետ: Եվ հավանական հիմնական տարբերակները, թերևս, երկուսն են: Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանը փորձում է այդպիսով ՀՅԴ վրա ստվեր գցել ընտրությունների վերահսկման միասնական շտաբի համատեքստում: Ինչպես հայտնի է, շտաբում կա չորս կուսակցություն, որոնք ստորագրեցին այդ նախաձեռնության մասին համաձայնագրի տակ օրեր առաջ:
Դրանից մի քանի օր անց շտաբը առաջին նիստն արեց և Ժառանգություն կուսակցությունը, որը չորսից մեկն էր, հայտարարեց որ պահանջում է առաջին դեմքերի ստորագրություն՝ նախաձեռնությանը ծանրակշիռ նշանակություն հաղորդելու համար և պատասխանատվության մակարդակը բարձրացնելու նպատակով: ՀՅԴ-ն ու Կոնգրեսը էական առարկություններ չունեին, իսկ ահա ԲՀԿ-ն, չգիտես ինչու, համառում է առաջին դեմքի հարցում և նույնիսկ շանտաժում, որ կարող է նաև միայնակ լծվել ընտրակեղծիքների դեմ պայքարին: Ժառանգությունը հայտնվել է թիրախի դերում, և նրան մեղադրում են Սերժ Սարգսյանի խաղը խաղալու և միասնական ճակատը կազմալուծելու համար: Չի բացառվում, որ Սարգսյանն այժմ փորձում է նույն մեղադրանքների հիմքեր տալ նաև ՀՅԴ համար, որպեսզի Դաշնակցությանն էլ կասկածեն նրա հետ գործարքի համար և սկսեն մեղադրանքներ ուղղել:
Մեծ հաշվով, այդ ամենը էական խնդիր չի լուծում, բայց փոխադարձ մեղադրանքների առիթներ տալով` Սերժ Սարգսյանն, անկասկած, ավելորդ լարվածություն է առաջացնում ընդդիմադիր դաշտում և նաև ջլատում ընդդիմադիր ընտրազանգվածի տրամադրությունները: Նկատի ունենալով ներկայիս խորհրդարանի ընտրության բարդ խաղը` թեկուզ այդ փոքր խնդիրների լուծումը ունենում է արդեն մեծ նշանակություն ընդհանուր պատկերի համատեքստում: Այդ իմաստով, ՀՅԴ թեկնածուին ընտրելու մասին կոչով Սերժ Սարգսյանը ևս մի բավական էական քայլ է կատարում փոքր քայլերով մեծ խնդիրներ լուծելու մարտավարության շրջանակում: Մյուսը կարող է լինել պարզապես առաջարկը ՀՅԴ-ին: Սերժ Սարգսյանը գուցե ոչ միայն փորձում է ՀՅԴ հասցեին մեղադրանքների տեղիք տալ, այլ նաև կոնկրետ գործարք առաջարկել ՀՅԴ-ին` ի պատասխան, օրինակ, Կոնգրես-ԲՀԿ գործարքի:
Անշուշտ, կշիռները հավասար չեն, և հազիվ թե ՀՀԿ-ՀՅԴ տարբերակը համարժեք լինի իր ազդեցիկությամբ ԲՀԿ-Կոնգրես տարբերակին, բայց այդուհանդերձ առնվազն հոգեբանական առումով այն կարող է էական դեր կատարել ուժերի հարաբերակցության մասով: Առավել ևս, որ այստեղ, իհարկե, իրավիճակը փոքր-ինչ ավելի բազմազան է, քան թվում է առաջին հայացքից: Բանն այն է, որ ՀՅԴ-ն, ըստ էության, հանդիսանում է մի քաղաքական ուժ, որն առնվազն ընկալվում է Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, ճամբարի ուժ: Ներկայումս, Սերժ Սարգսյանը, երևի թե, փորձում է նաև այստեղ տարընկալումներ մտցնել և նաև միևնույն ժամանակ գուցե կասկածներ առաջացնել Ռոբերտ Քոչարյանի մոտ, թե արդյոք Քոչարյանը կարո՞ղ է հույս դնել ՀՅԴ վրա, երբ կա ՀՀԿ հետ գործարք:
Մյուս կողմից, իհարկե, կա հարցը` իսկ արդյոք Քոչարյանն ընդհանրապես որևէ հույս կապո՞ւմ է ՀՅԴ հետ, որևէ տեղ տալի՞ս է այդ կուսակցությանն իր ծրագրերում: Ռոբերտ Քոչարյանի համար Դաշնակցությունը տարիներ շարունակ եղել է ոչ դե յուրե, բայց դե ֆակտո հիմնական հենարաններից մեկը: Այսօր այդ հենարանի դերը ԲՀԿ-ն է կատարում, սակայն առանցքային նշանակություն կարող է ունենալ նաև ՀՅԴ-ն, երբ Քոչարյանին հարկավոր լինի Կոնգրեսի հետ միասին Սերժ Սարգսյանի հարցը լուծելուց հետո ձեռնամուխ լինել արդեն Կոնգրեսի հարցը լուծելուն: Այդ դեպքում արդեն ՀՅԴ-ն կծանրացնի ԲՀԿ կշիռը, և Կոնգրեսը կհայտնվի երկուսի դեմ մենակ, ու անկասկած չի կարողանալու հաղթահարել այդ անհավասարությունը, եթե մինչ այդ նախընտրական գործակցություն հաստատի Բարգավաճ Հայաստանի, ինչը նույնն է թե` Ռոբերտ Քոչարյանի հետ:
Փաստորեն, ՀՅԴ-ին ներկայումս փորձելով տանել Քոչարյանից` Սերժ Սարգսյանը միևնույն ժամանակ որոշակի ծառայություն է մատուցում նաև Կոնգրեսին: Իհարկե, դրա հետ միաժամանակ նաև իրեն, որովհետև եթե ներկայումս նրան հաջողվի տանել ՀՅԴ-ին, ապա Քոչարյանն իր ԲՀԿ-ով արդեն ավելի հակված կլինի պայմանավորվել Սերժ Սարգսյանի հետ, քան Կոնգրեսի հետ հաղթել նրան, որովհետև այդ դեպքում հետո Կոնգրեսի հարցը լուծելը առանց ՀՅԴ-ի Քոչարյանի համար կարող է բարդություններ ներկայացնել և ի վերջո հաղթող կարող է լինել Տեր-Պետրոսյանը: Այդ տեսանկյունից, ըստ երևույթին, Սերժ Սարգսյանի հաշվարկում ՀՅԴ-ն առանցքային դեր է ստանձնում` հանդիսանալով այն մեխը, որը հանելով Կոնգրես-ԲՀԿ-ՀՅԴ եռյակի արանքից, նա փաստորեն քանդում է եռյակը պոտենցիալի իմաստով:
Միևնույն ժամանակ, անշուշտ հնարավոր է, որ այս բոլոր ենթադրությունները ընդամենը ավելորդ քաղաքականացնում են Սերժ Սարգսյանի շատ ավելի պարզունակ քայլը, որը ընդամենը տեղավորվում է քարոզչական էֆեկտի շրջանակում և նպատակ ունի Սերժ Սարգսյանին ցույց տալ որպես հանդուրժող գործիչ, որն ամենևին կուսակցամոլ չէ և խնդիրներին ավելի լայն է նայում ու կարող է նաև այլ կուսակցության ներկայացուցչի սատարելու կոչեր անել: Խնդիրը միայն այն է, որ եթե դա ընդամենը քարոզչական հնարք էր, ապա բավական անարդյունավետ, որովհետև նման հնարքների համար մեր հասարակությունը բավական հասուն է:
Այստեղ, սակայն, կարող է լինել նաև ներհամակարգային խնդիր` այն իմաստով, որ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է Արարատի մարզում հնարավորինս ապակենտրոնացնել խորհրդարանի ընտրության արդյունքները և թույլ չտալ, որ մարզում բացարձակ հաղթանակ ապահովի Հովիկ Աբրահամյանը, որի հետ Սարգսյանի հարաբերություններն արդեն տևական ժամանակ է ավելի շատ հակասություններ են պարունակում, քան ընդհանրություններ:









































