Սիրիական անվտանգության ուժերն ուրբաթ օրը ցրել են Համա քաղաքի խոշոր ցույցը, որը հինգշաբթի օրը ուժի մեջ մտած հրադադարի մասին համաձայնագրից հետո առաջինն էր: Մեկ մարդ զոհվել է՝ հաղորդում է France Presse գործակալությունը հղում անելով Լոնդոնում հիմնված «Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի սիրիական կենտրոնին»:
«Խաղաղ բնակիչը մահացել է, երբ անվտանգության ուժերը կրակել են ցուցարարների ուղղությամբ, ովքեր հավաքվել էին Համա քաղաքի Ալ-Ասսի հրապարակում»,-ասվում է կենտրոնի հայտարարության մեջ: Սիրիայի իշխանությունները հինգշաբթի օրը զգուշացրել են երկրի քաղաքացիներին, որ ցույցերի և այլ հանրային ակցիաների իրականացումը, ըստ օրենքի, պահանջում է իրավասու մարմինների կողմից պաշտոնական թույլտվություն:
Ավելի վաղ իրավապահները հաղորդել էին, որ կառավարական զորքերն այդ օրը բախվել են ապստամբների ջոկատների հետ` Թուրքիայի հետ սահմանի շրջանում: Դրանք առաջին ռազմական բախումներն էին կրակի դադարեցման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:
Արևմտյան ԶԼՄ-ները պարբերաբար «Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի սիրիական կենտրոնի» կողմից տրամադրված տեղեկություններ են հրապարակում: Մինչդեռ ՌԴ ԱԳՆ–ը հայտարարել է, որ այդ կազմակերպության իրավասության մակարդակը կասկածի տեղիք է տալիս՝ հաշվի առնելով հատկացված տեղեկության հավաստիությունը։
Հինգշաբթի օրը, տեղական ժամանակով ժամը 06.00-ին ուժի մեջ մտավ Սիրիայի կառավարական ուժերի և ապստամբների միջև մարտական գործողությունները դադարեցնելու համաձայնագիրը:
Նույն օրը Սիրիայի իշխանությունները հայտարարել էին, որ նախատեսված ժամկետներում կդադարեցնեն ռազմական գործողությունները: Կրակը դադարեցնելու պատրաստակամության մասին երեքշաբթի օրը հայտարարել էր նաև սիրիական ընդդիմությունը: Միաժամանակ ընդդիմությունը նշել էր, որ եթե կառավարական զորքերը մինչ հինգշաբթի չլքեն Սիրիայի քաղաքները, ապստամբները կշարունակեն պայքարը:










































