Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով» ծրագիրը: Այն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) և Ուկրաինայի «Գուրտ Ռեսուրս Կենտրոնի» կողմից`Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ:
ՔԶՀՀ ՀԿ Կենտրոնի ծրագրի համակարգող Արփինե Հակոբյանը իր խոսքում նշեց, որ ծրագրի նպատակն է ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը։
«Ճիշտ է, Հայաստանը կարող է դիտարկվել որպես մոնոազգային հասարակություն ունեցող երկիր, որտեղ 97 տոկոսը հայեր են և միայն 3 տոկոսը՝ ազգային փոքրամասնություններ, բայց միևնույն ժամանակ պետք է հիշել, որ Հայաստանը բոլոր քաղաքացիների հայրենիքն է, և յուրաքանչյուր քաղաքացի իր ինքնադրսևորման համար պետք է ունենա բարենպաստ միջավայր: Եվ այդ բարենպաստ միջավայրի ճանապարհի հիմնաքարը հենց հանդուրժողականությունն է: Կերտելով հանդուրժողականության մթնոլորտ Հայաստանում՝ մենք մեկ քայլ առաջ ենք գնում դեպի այս արժեքի տարածմանը ամբողջ աշխարհում»,- ասաց նա:
«Հազարաշեն» ՀԿ նախագահ Հրանուշ Խառատյանն էլ անդրադառնալով ՀՀ ազգային փոքրամասնություններին վերաբերող օրենսդրությանը`նշեց, որ այն զգալիորեն զարգացած է, բացի այդ՝ Հայաստանը միացել է միջազգային օրենսդրության գլխավոր կոնցեպտներին, որոնցով շատ լավ իրավական պարարտ հող կա, որպեսզի մեր փոքրամասնությունները կարողանան իրեց մշակույթների զարգացումն ապահովել: Բայց նա մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում մշակութային պրակտիկ կյանքը բազմաթիվ պրոբլեմներ ունի։
«Փոքրամասնությունները իրենց իսկ մշակութային զարգացումների հնարավորությունները փնտրելիս բախվում են նաև Հայաստանի մշակութային քաղաքականությանը: Վստահ չեմ, որ որևէ մեկը կարող է հստակորեն ասել, թե որն է մեր երկրի մշակութային քաղաքականությունը, ինչ խնդիր է լուծում մշակութային նախարարությունը. դա արվեստների զարգացումը խթանո՞ղն է, մշակութային ռազմավարության մշակո՞ղը, թե՞ մշակութային միջոցառումներ իրականացնողը: Սրանք դեռևս չլուծված հարցեր են և ազդում են նաև ազգային փոքրամասնությունների մշակույթի զարգացման վրա»,- ասաց Հ. Խառատյանը:
Սակայն տիկին Խառատյանի հավաստմամբ՝ նրանց մշակութային զարգացումը չի ընթանում դանդաղ տեմպերով, այն ընթանում է այն նույն տեմպերով, ինչ որ մեր երկրի մշակույթը:
Վերջինիս համար կարևոր խնդիր էր նաև այն, որ վարչական մարմիններն իրականում գրեթե չեն տիրապետում օրենքներին. «Վերջերս Լոռվա մարզում ստիպված եղանք նորից վերահաստատել այն, որ ազգային փոքրամասնությունները իրավունք ունեն իրենց լեզվով վարչական մարմիններին դիմում ներկայացնել»:
Նրա հավաստմամբ՝ ազգային փոքրամասնությունները և լեզվական փոքրամասնությունները ոչ միշտ է, որ նույն բանն են նշանակում. «Հայաստանում շատ ադրբեջանահայ փախստականներ ռուսախոս են և մինչ օրս հայերեն չգիտեն: Բայց իրենք, ինչպես ազգային փոքրամասնությունները, իրավունք ունեն իրենց իմացած լեզվով վարչական գրագրություններ անել»:











































