Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ԱԺ-ում հայտնվելուն հավակնող քաղաքական բոլոր ուժերից նույն ակնկալիքն ունի: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, կատարյալն այն կլինի, որ անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժեր ու ինչ համամասնությամբ կմտնեն խորհրդարան, առաջնահերթությունը նույնը լինի: Օրինակ՝ Իռլանդիայում նման որոշում կայացվեց, և գյուղատնտեսական երկրից այն դարձրեցին տեխնոլոգիական երկիր:
«Այսինքն, ակնկալում ենք, որ քաղաքական վայրիվերումները չազդեն ոլորտի վրա: Միակարծություն ենք ակնկալում ՏՏ, նորարարական ոլորտի համար»,- ասաց Կ. Վարդանյանը:
Մյուս ակնկալիքների շարքում Կ. Վարդանյանը նշեց նորաստեղծ կառավարությունում նորարարության ուղղությունը ղեկավարող պետական կառավարման մարմնի ստեղծումը, որը պատասխանատու կլինի նաև այլ ոլորտներում տեխնոլոգիական ներդրումների համար, նաև հատուկ ջանքեր գործադրվեն տեխնոլոգիական ձեռներեցությանը զարկ տալու համար, օրենսդրական հիմք ստեղծվի շրջաններում տեխնոպարկերի ստեղծման և զարգացման համար, խնդիր դրվի, որ եթե մինչև 2018 թ. պետք է ստեղծվի 1000 ձեռնարկություն, ապա 2018-ից հետո տեխնոլոգիական զարգացման առումով ավելի լուրջ խդիրներ դրվեն:
«Ակնկալում ենք, որ ՀՀ համաչափ զարգացման առումով հատուկ պայմաններ ստեղծվեն սահմանամերձ շրջաններում տեխնոլոգիական գոտիներ ստեղծելու համար: Կրթական ոլորտում ՀՊՃՀ-ում ազգային լաբորատորիայի գաղափարը շարժվել է, հույս ունեմ, որ մինչև տարեվերջ արդյունքներ կլինեն, և ակնկալում ենք, որ խորհրդարանն այդ փորձը կտարածի այլ կրթական համակարգերում և ինժեներական կրթությունը կզարգանա»,- նշեց Կ.Վարդանյանը:








































