«2012 նախընտրական սեզոնում ընտրողին ասֆալտապատման միջոցով շահագրգռելն այլևս հնացած տրյուկ է, որը թեև տարածված է ՀՀ-ում, սակայն կորցրել է իր ակտուալությունը: Այժմ ընտրողի քվեին տիրանալու նոր, տեխնոլոգիապես ավելի առաջատար և նվազ ծախսատար հնարքներ են մոգոնվում»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Օրինակ, Հրազդանում ԲՀԿ- ական Մխիթար Հարությունյանը «տուկի թել» էր բաժանում, որոշ գյուղերում դոմինո և սեղանի խաղեր են նվիրում, իսկ Երևանում նորաձև է դառնում «բեսեդկա» կառուցելը: Սա հատկապես ՀՀԿ-ի նախընտրական ձեռագիրն է: Բայց մյուսներն էլ այս հարցում հետ չեն մնում: Երեկ էրեբունի և Շենգավիթ շրջաններն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքի բնակիչները պատմեցին, որ ՕԵԿ թեկնածու Ռոբերտ Մասումյանը (մականունը՝ Բենզին Ռուբո), որը վերջերս է հեռացել ԲՀԿ-ից, բակային հանդիպումների ժամանակ խոստացել է, որ մինչև մայիսի 6-ը ընտրատարածքի բոլոր բակերում երկաթյա «բեսեդկեք» կտեղադրի:
Իհարկե, կարելի էր ավելի իրատեսական խոստում տալ, քանի որ, ինչպես ասում են, ոզնին էլ կհասկանա, որ 3 շաբաթը բավարար չէ այս խոստումը կատարելու համար: Բայց ավելի մտահոգիչ է այն, որ այս խոստումները դուր են գալիս մեր հայրենակիցներին: Որոշ բակերում, ինչպես, օրինակ, Նուբարաշեն համայնքում, մի խումբ տղամարդիկ խոստովանեցին, որ իրենց ձայնը կտան այն կուսակցությանը, որը կվերանորոգի իրենց խաղասենյակը՝ գարշահոտ նկուղում գտնվող թքած-ծխած սենյակը, որն անվանում էին «ծերանոց»»:









































