ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը բացառում է, որ Gallup International Association-ը Հայաստանում ԱԺ ընտրություններից առաջ սոցհարցում և «էքզիթ փուլ» անցկացնելուց հետո ճշգրիտ թվեր ներկայացնի: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Եթե հաշվի առնենք, որ հարցումների պատվիրատուն «Արմենիա» հեռուստաընկերությունն է, ապա ստացվում է, որ հարսը փեսայի մասին պետք է կարծիք հայտնի: Հայտնի է, որ այդ հեռուստաընկերությունը գտնվում է Սերժ Սարգսյանի փեսայի ենթակայության ներքո, և նա հենց այնպես գումարներ ծախսողը չէ»,- ասաց Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ Gallup International Association-ն իսկապես հեղինակավոր կազմակերպություն է, որը, սակայն, իր վարկանիշն աշխատում է անբիծ պահել լրջագույն երկրներում: «Իսկ Հայաստանում, որի գտնվելու տեղը եվրոպացիների մեծ մասը չգիտի, Gallup-ը կգա՝ հաստատելու Սուտիբեկյանի (նկատի ունի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին–խմբ.) ստերը: Ավելին, ոչ միայն չեմ բացառում, որ Gallup-ը կկաշառվի, այլ նաև համոզված եմ, որ այդ մարդիկ ինքնաթիռ արդեն իսկ կաշառված կնստեն»,- ասաց ՍԴՀԿ անդամը:
Հիշեցնենք, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը և Gallup International Association-ն օրերս պայմանագիր են ստորագրել, ըստ որի` Gallup սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների առիթով կիրականացնի սոցիոլոգիական հարցում և «էքզիթ փոլ»:
Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում անցկացված հարցման արդյունքները կհրապարակվեն ոչ ուշ, քան մինչև ապրիլի 27-ը: Սոցիոլոգիական հարցումը կիրականացվի Երևանում և Հայաստանի մարզերում, «էքզիթ փոլը» կիրականացվի մայիսի 6-ին՝ ընտրությունների օրը՝ պարզելու ընտրական իրավունք ունեցող և ընտրությանը մասնակցած ՀՀ քաղաքացիների քաղաքական նախասիրությունները:







































