«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իտալական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կզայրանար, եթե Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Լացիո»-ի հետ կայացած հանդիպումն ավարտվեր ոչ-ոքի:
«Ընթացիկ մրցաշրջանում շատ անգամ ենք ոչ-ոքի ավարտել այն խաղերը, որոնք կարող էինք հաղթել: Օրինակ՝ «Ջենոա»-ի, «Կալյարի»-ի, «Կյևո»-ի հետ հանդիպումներում պետք է հաղթանակ տանեինք: Կրկին չհաղթելը զավեշտալի կլիներ: Մենք մի քայլ առաջ կատարեցինք, սակայն դեռ բազմաթիվ հանդիպումներ ունենք: Պետք է սևեռենք մեր ուշադրությունը սկուդետտոյի համար պայքարին:
Դել Պյերոյի մասին կասեմ, որ նա միշտ օգնության է հասնում, անկախ այն փաստից՝ խաղում է ամբողջ հանդիպմա՞ն ընթացքում, թե՞ 1 րոպեով է խաղադաշտ դուրս գալիս: Այդպես եղավ նաև այս անգամ` դուրս եկավ խաղադաշտ և, հուրախություն մեզ, գոլ խփեց»,- իտալացի լրագրողների հաղորդմամբ՝ ասել է մարզիչը:






































