Նախընտրական քարոզարշավին ընդառաջ՝ այսօր բացվեց ՀՅԴ-ի նոր կայքը, որտեղ կտեղադրվեն քարոզարշավի վերաբերյալ ողջ ինֆորմացիան և նորությունները: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կայքի շնորհանդեսի ժամանակ ասաց, որ իրենք գնում են այս ընտրություններին՝ հնարավորինս բաց պահելով բոլոր հնարավորությունները՝ հասարակության հետ շփումները ակտիվ, կենդանի դարձնելու համար։
«Մնացած բոլոր ընտրական մեթոդներին զուգահեռ՝ կայքի միջոցով ևս դուռ ենք բացում ընտրողի առաջ և նրանց կոչ ենք անում օգտագործել կայքի հնարավորությունները, մեզ դիմել իրենց հուզող հարցերով, և խոստանում ենք, որ բոլոր բարձրացված հարցերը անպայման պատասխան կստանան»:
Նա նշեց, որ կայքը գործելու է նաև այս ընտրություններից հետո, որովհետև շատ սահուն կերպով անցում ենք կատարում նախագահական ընտրությունների փուլ, և այդ տրամաբանությաբ կայքը շատ ակտիվ է լինելու:
ՀՅԴ քարոզչական խմբի անդամ Վահան Վարդանյանի խոսքերով՝ սա զուտ ընտրարշավի հետ կապված կայք է, որտեղ կարելի է գտնել մի շարք նախընտրական հաղորդագրություններ։
«Մենք ունենք առանձին բաժին, որտեղ տրվում է, թե ապագայում ինչ հանդիպումներ և միջոցառումներ են լինելու, ինչպես նաև՝ քարտեզի միջոցով դուք կայքից կարող եք տեղեկանալ, թե ՀՀ-ի որ մարզերում և որտեղ են մեր նախընտրական շտաբները: Ունենք նաև վիդեոներ, ներկայացրել ենք առաջադրված թեկնածուների կենսագրությունը, ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը, ունենք հետադարձ կապ, որտեղ կարող եք ուղղել ձեր հարցը և ստանալ պատասխանը»:
Կայքն ունի եռաստիճան պաշտպանական համակարգ և հագեցած է ժամանակակից բոլոր գործիքներով, այն գործելու է միայն հայերեն լեզվով:







































