2011 թ. հունիսի 1-ին բանակ զորակոչված և դեկտեմբերի 30-ին զորամասի բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից մահացած Հայկ Մովսեսի Խաչատրյանի դեպքից հետո հայկական զինված ուժերի պատասխանատուները փորձում էին թաքցնել կամ ավելի մեղմ ներկայացնել իրավիճակը: Բայց ապրիլի 11-ի մամլո ասուլիսում ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը չի հերքել, որ նախորդ տարվա համեմատ ԼՂՀ զորամասերում թոքաբորբով հիվանդ զինծառայողների թվի աճ կա. այդ մասին տեղեկացնում է Lragir.am-ը: Մովսես Հակոբյանը նշել է, որ Ստեփանակերտի հոսպիտալում ներկա դրությամբ 41 զինծառայող է բուժվում: Իսկ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Ջաբրայիլի հոսպիտալում ևս թոքաբորբով հիվանդ զինծառայողներ կան, ովքեր ծառայել են Հայկ Խաչատրյանի հետ նույն զորամասում: Հայկի դեպքից հետո նրանցից ոմանք ևս տեղափոխվել են հոսպիտալ, բայց երբ հիվանդությունը մի քիչ ավելի է տարածվել, և բուժհիմնարկում տեղ չի եղել, մի քանիսին թույլ են տվել գտնվել մայրական խնամքի տակ: Որոշ ժամանակ անց, իհարկե, նրանք հրամանատարության կանչով կրկին վերադարձել են ծառայության, սակայն կարճ ժամանակ անց որոշ զինվորների, ջերմության պատճառով, կրկին հոսպիտալացնելու անհրաժեշտություն է առաջացել: Հոսպիտալացվել են, իսկ մեկին տեղափոխել են տուբերկուլյոզային կենտրոն: Այս տեղեկությունները չհաջողվեց ճշտել պաշտոնական աղբյուրից` աշխատանքային ժամի ավարտի պատճառով:
Այդուհանդերձ, ասուլիսում Մ. Հակոբյանը նշել է հիվանդության տարածվածության և կանխարգելման ընդունված կարգի մասին. «Մենք զինվորներին բանակ զորակոչելիս պատվաստում ենք թոքաբորբի դեմ: Թոքաբորբի մոտ 26 տեսակ կա, որից 14-ն է մեր տարածաշրջանում տարածված, որոնց դեմ էլ պատվաստումը կատարում ենք: Այս թոքաբորբը, որը մենք հայտնաբերել ենք, չգիտենք` ինչ վիրուս է: Այսօր մենք լաբորատորիաներում այդ հետազոտությունները կատարում ենք` տեսնելու, թե ինչն է այդ թոքաբորբի պատճառը, որպեսզի պատվաստումների մեջ դա նախատեսենք»: ԼՂՀ ՊԲ հրամանատարը միաժամանակ նշել է, որ այդ խնդիրը ձմռան ամիսներին անընդհատ լարվածության մեջ է պահել զորամասերի հրամանատարական կազմին, իսկ թոքաբորբի լաբորատոր հետազոտությունները զարմացրել են իրենց. թոքաբորբը հայտնաբերվել է ֆիզիկապես առողջ զինվորների մոտ: Մովսես Հակոբյանի տեղեկություններում մի ուշագրավ բան է նկատվում. նա հիշատակում է հիվանդ զինվորների մասին և ոչ մի նման դեպք՝ սպայակազմի շրջանում (իհարկե, լավ է, որ սպաներն առողջ են): Մինչդեռ սա այն հիվանդություններից է, որը տարածվելիս հաշվի չի առնում զինվորականի ուսադիրները, բայց այս դեպքում հրաշքով «շրջանցում է» նրանց: Թվում է, թե այստեղ մարդու «մատը խառն է». չի բացառվում, որ զինվորներն օգտվում են մի բանից, ինչից չեն օգտվում սպաները: Ի՞նչ է դա` սնո՞ւնդ, ջո՞ւր, թե՞ չախտահանված ինչ-որ պարագաներ: Եվ այստեղ կարծես թե ճշմարտանման է թվում մահացած Հայկ Խաչատրյանի հարազատների և տատիկի տեսակետը. զինվորների նկատմամբ ծայրահեղ անտարբերությունը դրսևորվել է ոչ միայն վարակի տարածմամբ ու համապատասխան բուժօգնություն չցուցաբերելով, այլև տված սննդով: «Առողջ երեխաները դիմադրողականությունը կորցնում են սննդազուրկ լինելու պատճառով. սուպը` նեխած, ճաշերն` անհամ, կարտոֆիլը` սևացած, մսերը` հոտած, երեխեն եթե չսնվի ու ելնի 10 կիլոմետր վազի, էլ զինվոր կմնա՞»,- նշել էին Հայկի հարազատները ԶԼՄ-ներին ուղարկած իրենց բաց նամակում և լրագրողների հետ զրույցներում: Ի դեպ, Հայկ Խաչատրյանը ծառայել է մի զորամասում, որտեղ հաճախակի են զինվորների հետ կատարվող դժբախտ դեպքերը:
Ըստ Մովսես Հակոբյանի` այժմ բոլոր տեղերում հրահանգավորված է՝ եթե զինվորը ջերմություն ունենա, պետք է անմիջապես դիմեն բժշկի: Սակայն լավ կլինի, որ այն զորամասերում, որտեղ տարածված է հիվանդությունը, ամբողջական ստուգումներ անցկացվեն, մշտական հսկողության տակ պահվեն, իսկ եթե մեղավորներ կան` պատժվեն գոնե ծառայողական անփութության համար:







































