«Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներ»-ի միասնական թիմը իր նախընտրական առաջին այցը կատարեց Ծաղկաձոր: Այստեղ, ինչպես լինում է սովորաբար, բացօթյա ելույթներ տեղի չունեցան, պարզապես 2 կուսակցությունների ներկայացուցիչները և միասնական համամասնական ցուցակի անդամները ու երիտասարդները քայլեցին Ծաղկաձորով՝ առանձին զրույցներ ունենալով բնակիչների հետ։
Այնուհետև նրանք հյուրընկալվեցին Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում կայացող Ղազախստանի՝ J-global projekt «Միջազգային նոր տնտեսակարգերը» թեմայով միջազգային գիտաժողովին, որը կազմակերպել էին Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը, ՀՀ Ազգային ժողովը և Գիտությունների ազգային ակադեմիան:
Գիտաժողովի բացումից հետո խոսք տրվեց Րաֆֆի Հովհաննիսյանին, որն ընդգծելով, թե այս դահլիճում հավաքված են հայաստանյան և միջազգային տնտեսական համակարգի կարկառուն դեմքեր, ողջունեց այս նախաձեռնությունը: Հովհաննիսյանը նշեց՝ թե՛ դահլիճում գտնվողները, թե՛ իր ղեկավարած թիմը միասին պետք է աշխատեն, որպեսզի առաջիկայում Հայաստանում տեղի ունենան ազատ և արդար ընտրություններ, որն էլ դրական ազդակ կլինի Հայաստանի տնտեսական զարգացման և մրցունակության բարձրացման համար:
«Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներ»-ի միասնական թիմը նախընտրական առաջին այցի շրջանակներում այցելել է նաեւ Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցի:











































