ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր վարչակազմի անդամներին ֆինանսական առումով հավասար վերաբերմունք չի ցուցաբերում: Այս մասին են վկայում վերջերս հրապարակված ֆինանսական հաշվետվությունները, համաձայն որոնց՝ կին աշխատողները զգալիորեն ավելի քիչ են վաստակում, քան նրանց տղամարդ գործընկերները:
Սպիտակ տան աշխատակազմի աշխատավարձերի մասին Կոնգրեսին հղված 2011 թվականի ամենամյա զեկույցում պարզորոշ կերպով երևում է տղամարդկանց և կանանց միջին աշխատավարձերի միջև 11 հազար դոլարի տարբերություն:
Օբամայի վարչակազմի կին աշխատակցի տարեկան միջին աշխատավարձը կազմում է 60 հազար դոլար, իսկ տղամարդունը՝ 71 հազար դոլար:
Օբամայի վարչակազմի ամենաբարձր վարձատրվող թոփ քսանյակից յուրաքանչյուրը 2011 թվականին վաստակել է 172 հազար դոլար: Նրանցից միայն 6-ն են կանայք: Նախագահ Օբաման և ԱՄն նախկին նախագահները մշտապես մեղադրվել են աշխատակիցներին հավասարապես չվերաբերվելու համար:
Պատկերը նույնն է եղել նաև Բիլ Քլինթոնի օրոք: Ամենաբարձր վարձատրվող 17 աշխատակիցներից 4-ն են եղել կանայք:
Ջորջ Բուշի օրոք էլ կանանց թիվը վարչակազմում շատ քիչ է եղել՝ 122 աշխատակցից 35-ն են եղել իգական սեռի ներկայացուցիչներ:











































