«Գերմանական հարկատուները ստիպված են վճարել միլիարդավոր եվրոներ 2022 թվականին ԱԷԿ–ի վերջնական փակումից հետո այն ապամոնտաժելու համար»,– գրում է Spiegel-ը: Այս մասին հաղորդվում է Greenpeace-ի նոր հետազոտության մեջ, որը ներկայացվել է Բեռլինում՝ ապրիլի 11-ին: Ինչպես հաղորդում է dapd-ը, բնապահպանները հաշվել են, որ կայանի ոչնչացման համար կպահանջվի 44-60 միլիարդ եվրո:
E.on, RWE, Vattenfall և EnBW էներգաընկերությունները, որոնք կառավարում են գերմանական ԱԷԿ-ը, ստեղծել են կուտակային ֆոնդեր, որոնք կօգտագործվեն ԱԷԿ–ի ապամոնտաժման համար: Գերմանական ատոմային ֆորումի տվյալներով՝ այս պահին ֆոնդի ծավալը կազմում է մոտ 30 միլիարդ եվրո:
Բնապահպանները վախենում են, որ էներգաընկերությունները չեն հավաքի բավարար չափով միջոցներ, իսկ ատոմային էներգետիկայից հրաժարվելուց հետո ընդհանրապես կհրաժարվեն կայանի ապամոնտաժման իրենց պարտականությունները կատարել:
Էներգաընկերություններին սնանկացումից ապահովագրելու և այդ կերպ էներգետիկ բարեփոխումը ֆինանսավորելու ոչ բավարար միջոցների հետ կապված՝ ռիսկերից խուսափելու համար Էկոլոգիական սոցիալ-շուկայական տնտեսության Ֆորումը առաջարկել է ստեղծել հասարակական ֆոնդ: Էներգաընկերություններն այդ ֆոնդին կփոխանցեն գումար` միջուկային թափոնները թաղելուց ստացված գումարներից:
Սակայն այս նախաձեռնությունը դեռ աջակցություն չի գտել ո՛չ կառավարությունում, ո՛չ էլ Գերմանական ատոմային ֆորումի ներկայացուցիչների մոտ։
Հիշեցնենք, որ գերմանական իշխանությունների 2011 թվականին ընդունած որոշման համաձայն՝ ատոմային էլեկտրակայանները մինչև 2023 թվականը պետք է փակվեն:









































