Ավելի քան 1.1 միլիարդ դոլարի տուգանքի է ենթարկվել «Ջոնսոն և Ջոնսոն» ընկերությունը, ինչպես նաև նրա «Ջանսեն» դեղագործական ստորաբաժանումը, որոնք սպառողներից թաքցրել են մեծ տարածում գտած Risperdal հոգեմետ դեղամիջոցի կողմնակի ազդեցությունները։ Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը:
Նման որոշում ընդունել է Արկանզաս նահանգի դատարանը: Քննելով հայցը, որը ներկայացրել էր դատախազությունը 2007 թվականին, Թիմ Ֆոքս դատավորը Risperdal-ը արտադրողին մեղավոր է ճանաչել մոտ 240 հազար խախտում անելու համար: «Ըստ էության՝ այդ խախտումներից յուրաքանչյուրը բժիշկների կողմից վերջին երեքուկես տարվա ընթացքում դուրս գրած դեղատոմսերն են»,– բացատրում են ամերիկյան ԶԼՄ-ները: Դրանցից յուրաքանչյուրի համար նախատեսված է 5 հազար դոլարի չափով տուգանք, որի արդյունքում ընդհանուր գումարը գերազանցել է 1 միլիարդ դոլարը:
Risperdal-ն օգտագործելու թույլատվություն կար ավելի քան 15 տարի առաջ: Այն օգտագործում են հոգեկան տարբեր խանգարումներ, այդ թվում՝ շիզոֆրենիան բուժելու համար: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Risperdal-ի հիմքում գտնվող Рисперидон-ը կարող է առաջացնել բազմաթիվ կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ մարսողական, սրտանոթային համակարգի վրա։
Սակայն, ինչպես վստահեցնում է Արկանզասի դատարանը, դա չի խանգարել «Ջոնսոն և Ջոնսոն» ընկերությանը 2003 թվականին նահանգի մի քանի հազար բժիշկների նամակներ ուղարկել `առանց հիմնավորման վստահեցնելով, որ Risperdal-ն ավելի անվտանգ է, քան մրցակիցների դեղամիջոցները:








































