Հայաստանի «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ը կիրականացնի գյուղատնտեսական հողերի ագրոքիմիական քարտեզագրում, որի համար առաջիկա 3 տարիներին պետբյուջեից կհատկացվի մոտ 152 մլն դրամ: Այսօր կառավարության նիստում նախատեսվում է հաստատել ՀՀ 2012-2014 թթ. հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագիրը:
Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողեր ունեն 852 համայնքներ: Հաշվի առնելով 5 տարվա ընթացքում հողի վերարտադրության ցուցանիշների փոփոխությունը` անհրաժեշտ է 5 տարի պարբերականությամբ իրականացնել համայնքների հողերի հետազոտություններ, հետևաբար յուրաքանչյուր տարի պետք է կատարվի 170 համայնքի հետազոտություն: Սակայն, ինչպես նշվում է ծրագրի փաստաթղթում, 6.1 % գնաճի պայմաններում 2012–2014 թվականներին հնարավոր է հանձնել տարեկան 141 համայնքի ագրոքիմիական քարտեզներ:
Վաղվա նիստում գործադիրը գյուղատնտեսական կենդանիների պատվաստանյութերի ձեռք բերման համար գյուղնախարարությանը կհատկացնի 73 մլն 83.3 հզ. դրամ:











































