«Լա~վ էլի, էդ իրա խնդիրն ա, եկեք չփնովենք մեկս մյուսին, ցավդ տանեմ: Հիմա Հակոբյան Հակոբն ինչ ուզում ա թող խոսի: Գնացեք` թե՛ Էջմիածնում, թե՛ գյուղերում հարցրեք`ես ո՞ւմը պիտի ասեմ` մի գնա Հակոբ Հակոբյանի մոտ»,- Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքի պատգամավոր և կրկին նույն ընտրատարածքում մեծամասնականով թեկնածու առաջադրված Սեդրակ (Սեյրան) Սարոյանն այսպես արձագանքեց, երբ «Առաջին լրատվական»-ը նրանից հետաքրքրվեց` ճի՞շտ է, որ Դուք ձեր ընտրատարածքի ընտրողներին այնպես եք ահաբեկել, որ նրանք մյուս թեկնածուի` Հակոբ Հակոբյանի հետ (Ճոյտ) ստիպված հանդիպում են գիշերը, որպեսզի չճանաչեն նրանց: «Տենց բան չկա»,- հավաստիացրեց գեներալ Սեյրանը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ տեղեկացրել էինք, որ ահաբեկումների, վախի մթնոլորտի մասին ինքը` Հակոբ Հակոբյանն է ասել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին:
Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչով է պայմանավորված, որ թիվ 19 ընտրատարածքում ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի` Ճոյտի հետ ևս մի թեկնածու կա առաջադրված` նույն տարիքի, երկուսն էլ ՀՀԿ-ական և ինքնառաջադրված: «Իրար շատ են սիրում, դրանից ա, իմ մոտ, որ քիչ Հակոբ Հակոբյան ա ըլնում, ես նեղվում եմ»,- արձագանքեց գեներալ Սարոյանը:











































