Շվեյցարիայի Գլխավոր դատախազությունը բավարարել է գնչուական համայնքի բողոքը՝ Die Weltwoche ամսագրից տուգանք գանձելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Süddeutsche.de պորտալը: Գնչուները պահանջել են նաև վաճառքից հանել ամսագրի ապրիլյան համարը:
Die Weltwoche-ի նոր համարը վաճառքի է հանվել 2012 թ. ապրիլի 5-ից: Նրա շապիկին պատկերված է մի գնչու տղա, որի ձեռքին հրացան է: Ինչպես նաև շապիկի վրա գրված է. «Գնչուները գալիս են. թալանչիական հարձակումներ Շվեյցարիայում»: Գնչուական համայնքի ներկայացուցիչների խոսքերով` իրենց ժողովուրդն ամսագրում լուսաբանված է ազգայնական տեսակետներից, համաձայն որոնց՝ փոքր ազգերը բոլոր դժբախտությունների հիմքն են հանդիսանում:
Ամսագրի դեմ բողոքել են ոչ միայն շվեյցարացիները, այլև Գերմանիայի և Ավստրիայի բնակիչները, որտեղ ամսագիրը ևս տարածվում է: Գերմանիայի գնչուների համայնքի ներկայացուցիչները դիմել են Ռասիզմի դեմ պայքարի կոմիտեին:
Die Weltwoche ամսագրի գլխավոր խմբագիրը World Radio Switzerland-ին հայտնել է, որ հասարակական վրդովմունքի ոչ մի պատճառ չի տեսնում: Նրա կարծիքով՝ ավելի մեծ ուշադրության կարիք ունի գնչուների երեխաներին քրեական գործերում ներգրավելու հարցը, որը ևս լուսաբանված է ամսագրում:










































