ԱՄՆ FBI-ի (Հետաքննչական դաշնային բյուրո) նախկին աշխատակից Սիբել Էդմոնդսի իրավաբանը հայտարարել է, որ այդ վարչությունը խոչընդոտում է Էդմոնդսի հուշերի հրապարակմանը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Իրավաբան Սթիվեն Քոխի խոսքերով` իր հաճախորդի գիրքը գաղտնի տեղեկություններ չի պարունակում, բայց FBI-ն արդեն մեկ տարի չի կարողանում ավարտել դրա ստուգումը: Վարչության նախկին աշխատակիցների գրքերի ստուգումը նախատեսված է օրենքով, սակայն համաձայն սահմանված կանոնների՝ այն պետք է ավարտվի 30 օրվա ընթացքում:
FBI-ի ներկայացուցիչը իր հերթին հայտարարել է, որ, գրքի բոլոր դրույթների ստուգման հետ կապված, այդ աշխատանքը կարող է երկարաձգվել։ Էդմոնդսը (թուրքական ծագումով ամերիկուհի) հայտնի է դարձել, երբ քննադատել է այն վարչությանը, որտեղ աշխատել է:
Նրան աշխատանքի են ընդունել որպես թագմանիչ՝ 2001թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից անմիջապես հետո: Նա հայտարարել էր, որ իր ղեկավարներն իրեն հրահանգել են չշտապել թարգմանությունների հարցում: Դանդաղ աշխատանքը տպավորություն պետք է ստեղծեր, թե վարչությունը ծանրաբեռնված է, կադրերի պակաս ունի և լրացուցիչ ֆինանսավորման կարիք է զգում: Ընդ որում, կինը պնդում է, որ նույնիսկ իր ղեկավարը մի անգամ դիտավորյալ համակարգչից ջնջել է այն թարգմանությունը, որն ինքն արդեն արել է: Նա նաև նկատել է, որ մնացած թարգմանություններն էլ FBI-ում անորակ էին արվում:
Կինն այս ամենի մասին հայտնել է բարձրագույն ղեկավարությանը, սակայն ոչնչի չի հասել: 2002 թ. նրան աշխատանքից հեռացրել են առանց որևէ բացատրության: Ավելի ուշ Էդմոնդսը պնդում էր, որ FBI-ը տեղյակ է եղել 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին: Նա հայտարարել է, որ վարչությունում փաստաթղթեր է տեսել, որոնք այդ մասին են վկայում:










































