Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյնոն հայտարարել է, որ հզոր երկրաշարժի հետևանքով ցունամիի վտանգ չկա: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` երկրի ղեկավարը հավելել է, որ Բանդա-Աչեղ քաղաքից զոհերի մասին տեղեկություններ չկան:
Իր հերթին Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակներում գործող ազգային կենտրոնը հաստատել է, որ ցունամիի առաջացման ոչ մի նախանշան չի նկատվում:
Ավելի վաղ, սակայն, ցունամիների վտանգի զգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտարարել էր, որ ցունամին, որը առաջացել է Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով, մոտ ժամանակներս կարող է հարվածել Սումատրային: Նրանց խոսքերով՝ ցունամին առաջին հերթին սպառնում է ինդոնեզական Բանդա-Աչեղ քաղաքին:
Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի ափամերձ շրջանում գրանցվել է 8,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Նրա էպիկենտրոնը գտնվում է Բանդա-Աչեղ քաղաքից 495կմ հեռավորության վրա:
Ցնցումները զգացվել են Թաիլանդում, Հնդկաստանում և Սինգապուրում: Հնդկական օվկիանոսի ողջ շրջանում ցունամիի առաջացման վտանգ էր հայտարարվել:
Ցունամիի մասին հայտարարել են նաև Թաիլանդում: Ներկայիս դրությամբ՝ երկրի իշխանությունները սկսել են Անդամյան ծովի ափամերձ հատվածի բնակչության տարհանումը:
Զոհերի և տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան:










































