Հնդկաստանը ենթադրում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումն ու ընդլայնումը կարևոր քայլ է և ձգձգման ենթակա չէ: Այս մասին, ինչպես հաղորդում է Economic Times-ը, հայտարարել է ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Հարդիպ Սինգհը՝ տվյալ հարցի վերաբերյալ միջկառավարական բանակցությունների 8-րդ փուլի շրջանակներում:
«ՄԱԿ ԱԽ-ի բարեփոխումները պետք է արագ կյանքի կոչվեն,- ասել է նա։- Հնդկաստանը կարծում է, որ կառուցվածքային բարեփոխումը պետք է համապատասխանի կառավարման գլոբալ համակարգի բարելավմանն ուղղված աճող պահանջմունքներին: Այս պահին մենք հետևում ենք նմանօրինակ իրադարձությունների այնպիսի միջազգային ինստիտուտներում, ինչպիսիք են ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկը և այլն»:
Հունվարի վերջին Հնդկաստանը, Գերմանիան, Ճապոնիան, Բրազիլիան հերթական անգամ պահանջեցին ընդլայնել ՄԱԿ ԱԽ-ն՝ համատեղ հայց ներկայացնելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի փակ նիստի ժամանակ: Դրանում ասվում էր, որ ՄԱԿ ԱԽ-ն պետք է ընդլայնվի ինչպես մշտական, այնպես էլ ոչ մշտական անդամների հաշվին՝ հաշվի առնելով նրա ներդումը աշխարհի անվտանգության հարցերում:









































