Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսն ամռանն այցելելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Բաքվում Լատվիայի դեսպան Խարդիյս Բաումանիսը:
Վերջինիս խոսքերով՝ դա կլինի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Լատվիայի վարչապետի առաջին ադրբեջանական այցը: Այցի ընթացքում քննարկվելու է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հարցը:
2011 թվականին Լատվիայի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 27.9 միլիոն դոլար, որից ադրբեջանական ներկրումը կազմել է 13.9 միլիոն դոլար, իսկ արտահանումը՝ 14 միլիոն դոլար:
Հունիսի սկզբին էլ Ադրբեջան է այցելելու Լիտվայի վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Լիտվայի դեսպան Կեստուտիս Կուձմանասը: 2011 թվականին Լիտվայի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 25.04 միլիոն դոլար, որից ադրբեջանական ներկրումը կազմել է 20.01 միլիոն դոլար, իսկ արտահանումը՝ 5.03 միլիոն դոլար:










































