«Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավիի գործակալ Ռոբերտո Լա Ֆլորիոն իտալական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, որ ֆուտբոլիստը չի պատրաստվում լքել իր ներկայիս ակումբը:
Արևմտյան մամուլում հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, որ «Արսենալ»-ը, որի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը համարվում է Էլ-Շաարավիի տաղանդի երկրպագու, հետաքրքրվում է 19-ամյա իտալացու ծառայություններով:
««Արսենալ»-ի ղեկավարությունը Ստեֆանի ծառայություններով հետաքրքրվում էր նաև մինչև ֆուտբոլիստի` «Միլան» տեղափոխվելը, բայց «ռոսսոներիներ»-ը պայմանագիր են ստորագրել նրա հետ և չեն պատրաստվում վաճառել ֆուտբոլիստի իրավունքներ»,- հայտարարել է Լա Ֆլորիոն:
Հիշեցնենք, որ Էլ-Շաարավին «Միլան» էր տեղափոխվել անցած տարվա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ջենոա»-ից: Նա Իտալիայի գործող չեմպիոնի կազմում անցկացրել է 25 պաշտոնական հանդիպում` հեղինակելով 4 գոլ:








































