2011 թ. ևս նախատեսված է, որ հարկային եկամուտների ավելի քան 50%-ը ապահովվելու է ավելացված արժեքի հարկի միջոցով: Այս հանգամանքը դուր չի գալիս հայրենական ապրանքարտադրողների միության և Հանրային խորհրդի ֆինասնատնտեսական հարբերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանին: Նա ուզում է, որ հարկերի կառուցվածքում ավելի շատ տեսակարար կշիռ ունենան եկամտահարկն ու շահութահարկը: Սաֆարյանի խոսքով` նախկինում շահութահարկը կազմում էր մեր հարկային եկամուտների ավելի քան 19%-ը, այժմ այս ցուցանիշը իջել է 12-13%-ի: Մոտավորապես այդքան էլ կազմում է եկամտահարկը: Մինչդեռ զարգացած երկրներում, ըստ Սաֆարյանի, ավելի քան 70%-ը հենց եկամտահարկն ու շահութահարկն են: Վ. Սաֆարյանին դուր չի գալիս նաև արդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ-ի կազմում: Այժմ այն 23.66% է, բայց նա հույս ունի, որ եկող տարի այն կհասնի 26-27%-ի: Սակայն Վ. Սաֆարյանը ուզում է, որ այն հասնի 50%-ի:









































