Քաղաքագետների միությունը դիմել է նախորդ շաբաթ Հանրային միասնական ընտրական շտաբի ստեղծման հայտարարությունը չստորագրած քաղաքական մնացած հինգ ուժերին՝ առաջարկելով միանալ իրենց նախաձեռնությանը. շտաբի կառուցվածքի վերաբերյալ այսօր կայացած քննարկման ժամանակ տեղեկացրեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ՔՄ-ն դիմելու է ոստիկանապետին, ՀՀ գլխավոր դատախազին և վարչապետին՝ խնդրելով տրամադրել պետռեգիստրում գրանցված, սակայն երկրից բացակայող քաղաքացիների ցուցակները:
ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանն էլ իր հերթին նկատեց, որ շտաբի աշխատանքները պետք է սկսել հնարավորինս շուտ: «Որքան շուտ սկսենք մեր աշխատանքը, այնքան այն ավելի արդյունավետ կլինի: Պետության առաջ ավելի կարևոր հարց, քան ազատ, արդար ընտրությունների անցկացումն է, չկա: Այս շտաբը անհրաժեշտ է, քաղաքական հրամայական է: Դրա կառուցվածքը հնարավորինս պարզ պիտի լինի, կառույցը պետք է ցուցակագրի ընտրախախտումները և գնա դրանց դեմ պայքարի: ԲՀԿ-ն պատրաստ է դրան»,- ասաց նա: