Թիվ 2 ընտրատարածքում քաղաքակիրթ ընտրապայքար տանելու ուղղությամբ անելու եմ հնարավորն ու նույնիսկ անհնարը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Ֆարմանյանն` անդրադառնալով նույն ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Վլադիմիր Կարապետյանի այն հայտարարություններին, թե թիվ 2 ընտրատարածքում անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծված:
Նա նշեց, որ անելու է իրենից կախված ամեն ինչ՝ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով օրինակելի ընտրությունների անցկացման և քաղաքակիրթ ընտրապայքար տանելու ուղղությամբ: «Հատուկ չեմ անդրադառնում պարոն Կարապետյանի կողմից հնչեցված այլ գնահատականներին, քանի որ այդ ամենի ժամանակը կլինի: Միայն հավելեմ, որ ես երկար ժամանակ է՝ չեմ այցելում հեռուստատեսություն, գտնվում եմ արձակուրդում, ինչն, ի դեպ, ոչ թե օրենքի պահանջ է, այլ իմ կողմից կայացված քաղաքական որոշում, և զբաղվածության թելադրանքով նույնիսկ տեղյակ չեմ ինչ լուրեր են հեռարձակվում «Առաջին լրատվական»-ի եթերում»,- նշեց պատգամավորի թեկնածու Սամվել Ֆարմանյանը:
Արձագանքելով օրեր առաջ մամուլի ասուլիսի ընթացքում Կարապետյանի կողմից հնչեցված բանավեճի հրավերին` Ֆարմանյանն ասաց, որ հեռուստատեսային քաղաքական բանավեճը քաղաքակիրթ ընտրապայքարի կարևոր ու ստանդարտ բաղադրիչներից մեկն է, և ավելորդ է ասել, որ պատրաստ է նման բանավեճի: Ըստ նրա` քաղաքացին, ընտրողը նաև համեմատության մեջ ընտրություն կատարելու հնարավորություն պետք է ունենա:
«Բայց և չեմ էլ կարծում, որ նույնիսկ մեր օրերում ու քաղաքական մեր մշակույթի պայմաններում քաղաքական հեռուստատեսային բանավեճին մասնակցությունը դա ասպետության պես մի բան է: Ինձ համար դա շատ ստանդարտ, սովորական նախընտրական քաղաքական բաղադրիչ է»,- եզրափակեց իր խոսքը Սամվել Ֆարմանյանը:








































