Եգիպտոսի դատարանն այսօր վճիռ է կայացրել, որով արգելափակել է խորհրդարանի ընդունած որոշումը, որով պետք է ստեղծվեր հատուկ հանձնաժողով` երկրի նոր սահմանադրությունը գրելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Այդ կերպ խորհրդարանը, որտեղ գերիշխում են չափավոր ու արմատական իսլամիստները, կզրկվի երկրի հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու իրավունքից:
Դատարանը չի պատճառաբանել իր որոշումը, սակայն հայտնի է, որ նման որոշումն արդյունքն է այն դժգոհությունների, որոնք վերջերս հնչել էին խորհրդարանական հանձնաժողովից դուրս հայտնված աշխարհիկ ու լիբերալ կուսակցությունների կողմից: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Իսլամիստները հուսով էին երկրի նոր Սահմանադրությունը գրել կես տարում, ինչից հոտո փաստաթուղթը պետք է դրվեր համընդհանուր հանրաքվեի:
Եգիպտական հասարակության շատ ներկայացուցիչներ, այդ թվում՝ երիտասարդությունն ու միջին խավը, մտավախություն ունեն, որ շարիաթի ուսմունքների վրա հիմնված սահմանադրությունը նախադրյալներ կստեղծի երկրում անհանդուրժող թեոկրատական հասարակության ստեղծման համար:










































