CNN Türk-ի փոխանցմամբ՝ ապրիլի 12-13-ին Ստամբուլում տեղի է ունենալու հայ-թուրքական կինոհարթակի շրջանակներում նկարահանված 37 ֆիլմից 10-ի շնորհանդեսը:
Մասնավորապես, ցուցադրվելու են Արսեն Առաքելյանի «Երկխոսություն», Ազրա Դենիզ Օքայի «Փոքր սև ձկներ», Դևրիմ Աքքայի «Գյավուրի թոռը. իմ հայ պապիկը», Դիլեք Այդընի «Փնտրում եմ Մանուկին», Էզգի Քըլընչասլանի «Քսաներեք ու կես», Ելենա Քուրքջյանի Homeport, Սարիկ Հովսեփյանի «Ֆանտաստիկ նոստալգիա», Օսման Շիշմանի ու Օզլեմ Սարըյըլդըզի «Ես ու իմ կիրակի», Վարդան Դանիելյանի «Բացիկներ Անմեղության թանգարանից» ֆիլմերը:
Տվյալ նախագծի շրջանակներում իրականացվում է ևս երկու ֆիլմի նկարահանում: Հայ-թուրքական կինոհարթակի նախագահ Սուսաննա Հարությունյանը հայտարարել է, որ երբ մի քանի տարի առաջ կողմերը հանդիպեցին առաջին անգամ, նրանք անգամ պատկերացում չունեին, թե ինչի մասին խոսեն, սակայն հետագայում պարզվեց, որ կինոն վեր է դիվանագիտական հարաբերություններից:
Հարությունյանը հավելել է, որ հետագայում կողմերին հաջողվել է գտնել իրական կյանքից վերցված զարմանալի պատմությունների բազմաթիվ սցենարներ, որոնցում, մասնավորապես, մարդիկ փնտրում են իրենց արմատներն ու իրենք իրենց:











































