Ճապոնացի կենսաբանները պարզել են, որ թրթուրների վարքի փոփոխությունների համար պատասխանատու են վարակված գեները: Այս մասին գրված է PLoS Pathogens ամսագրում:
Որոշ թրթուրներ տառապում են արտասովոր հիվանդությամբ, որն անվանում են Wipfelkrankheit կամ «ծառի կատարների հիվանդություն»: Հիվանդ թրթուրները դադարում են սնվել և սատկելուց առաջ բարձրանում են ծառի ամենաբարձր ճյուղերին: Ծառի ամենավերին հատվածին հասնելու զոմբիացված ձգտումը պայմանավորված է վիրուսի առկայությամբ և դրա արագ տարածմամբ:
2011 թվականի սեպտեմբերին Science ամսագրում հոդված տպագրվեց, որտեղ կենսաբանները գրել էին, որ երկրորդ խմբի բակուլավիրուսներով վարակված թրթուրների հիվանդագին վարքի համար պատասխանատու է egt գենը: Միջատները դադարեցնում են կենսագործունեությունը, միայն զոմբիացած վեր են բարձրանում։
Հերթական հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են առաջին խմբի բակուլավիրուսների ազդեցությունը թրթուրների վրա: Պարզվել է՝ հետևանքը նույնն է, ինչ երկրորդ խմբի բակուլավիրուսներով վարակվելու դեպքում:
Հետազոտողները հերթով անջատել են վիրուսի բոլոր գեները և դիտարկել արդյունքները: Պարզվել է, որ մեկ գենի՝ ptp-ի առկայության դեպքում կենդանին զոմբիանում է: Եթե վիրուսից իսպառ հեռացնեն ptp գենը, ապա կենդանու ուղեղում հայտնված վիրուսի մյուս մասնիկները կենդանուն չեն զոմբիացնի:
Մակաբույծները, որոնք փոխում են վարակաված օրգանիզմի վարքը, կենդանական աշխարհում հաճախ են հանդիպում: Դրանցից ամենտարածվածը Cordyceps unilateralis սունկ է, որը ստիպում է մրջյուններին բարձրանալ խոտերի ծայրին և տարածել սնկի սպորները:









































