Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ձգտում է դառնալ իսլամական աշխարհի առաջնորդ: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորում Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Ալի Սայիդին:
Վերջինս, ընդգծելով Սիրիայի հարցում Թուրքիայի դերակատարությունը, հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետի գործողություններն ունեն մի շարք բացատրություններ. «Էրդողանը կա՛մ երազ է տեսնում Օսմանյան կայսրության ժամանակների մասին, կա՛մ ձգտում է օգտագործել տարածաշրջանում Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի կարևորության նվազումը՝ խաղալու համար իսլամական աշխարհի առաջնորդի դեր:
Սակայն կա նաև մեկ այլ բացատրություն: Չի բացառվում, որ ԱՄՆ-ը նրան մեծ խոստումներ է տվել: Սիրիայի կառավարության դեմ բոլոր ինտրիգներում Սաուդյան Արաբիան ու Կատարը հանդես են գալիս որպես ԱՄՆ-ի և Արևմուտքի համակիրներ: Տարածաշրջանային զարգացումները ձեռնտու չեն Սաուդյան Արաբիայի, Կատարի և մի շարք այլ երկրների կառավարությունների համար, որոնց կառավարման շրջանը մոտենում է իր ավարտին»:









































