«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Գոռ Հակոբյանն, անդրադառնալով Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայր Յուրի Բեգլարյանի մեկնաբանությանը, ասաց, որ բազմաթիվ անգամներ դիմել են քաղաքապետարանին տարաբնույթ խնդրանքներով՝ տրամադրել սեփականատերերի փաստաթղթերը կամ նախնական համաձայնությունը Աբովյան փողոցի վրա գնվող կրպակների սեփականատերերի և քաղաքապետարանի միջև կնքված համաձայնության, սակայն ապարդյուն:
Ըստ նրա` քաղաքապետը մինչև այսօր չի կարողացել հստակ, հաշվետու ձևով աշխատել և ներկայացնել բոլոր հիմնավորումները: «Յուրի Բեգլարյանի խոսքը ցույց է տալիս, որ բազմաթիվ անգամ մի միտքը ձևափոխվում է: Եթե սկզբնական ընթացքում քաղաքապետարանն ասում էր, թե Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրումը սեփականության փոխհատուցում է, քաղաքապետն ասել էր, թե քաղաքապետարանը գումար չուներ փոխհատուցելու համար: Մենք նամակներով դիմել ենք քաղաքապետարանին, պահանջել ենք տալ մեզ սեփականատերերի և քաղաքապետարանի միջև եղած համաձայնությունը, սակայն մինչ այսօր քաղաքապետարանը չի տվել նման որևէ փաստաթուղթ: Ստացվում է, որ ի սկզբանե այս ողջ գործընթացում չի գործում թափանցիկություն և հստակություն»,- մեկնաբանեց Գոռ Հակոբյանը`հավելելով, որ կան տարբեր տեսակ պայմանավորվածություններ, որոնք օրենքի, ընդհանրապես հանրային տարածքի, հանրային սեփականության տեսակետից հակասության մեջ են: Այս ամենը երիտասարդ քաղաքագետը անօրինականության հանրային դրսևորում է համարում:
Նրա համար անհասկանալի է, թե ինչու քաղաքապետը հստակ չի ձևակերպում և չի տրամադրում այն փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշում է կայացվել Մաշտոցի պուրակում կրպակներ տեղադրել: Գ. Հակոբյանն ասաց. «Մենք մեր նամակներով պահանջել ենք հստակ պատասխանել. եթե սա փոխհատուցում է՝ ինչո՞ւ են այդ տարբերակն ընտրել, և եթե փոխհատուցում չէ՝ պարզապես «Կանաչապատում» ՓԲԸ-ին տրվող կառուցապատում է, էլի պետք է պարզաբանել»:









































