Այսօր ռուսական «Կոմերսանտը» գրում է, որ Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովում ստեղծվել է փորձագիտական խորհուրդ, որը զբաղվելու է ԱՊՀ տարածքում Ռուսաստանի շահերը վտանգող և հնարավոր «գունավոր հեղափոխությունների» զարգացումների վերլուծությամբ:
Թերթին տված հարցազրույցում փորձագետներից մեկն ասել է, որ սա յուրօրինակ «ուղեղային կենտրոն է, որը հակազդելու է հեղափոխական զարգացումներին»: Փորձագետներն ուսումնասիրելու են օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների դերը «գունավոր հեղափոխությունների» տարածման գործում, «ցանցային տեխնոլոգիաների օգտագործումը բողոքավոր զանգվածների կառավարման համար», բլոգների և սոցցանցերի ներգրավվածությունն այս գործընթացներում և այլն:
Այս գործում ներգրավվելու են այնպիսի գիտահետազոտական կենտրոններ, ինչպիսիք են Ռազմավարական ուսումնասիրությունների ռուսաստանյան ինստիտուտը, ԱՊՀ երկրների ինստիտուտը, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը և այլն:









































