News Georgia-ի փոխանցմամբ`Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր այցելել է Ռուսաստանին սահմանակից Կազբեկի շրջան և ծանոթացել է տեղի նոր ենթակառույցների նախագծերի հետ: Բնակչության հետ հանդիպման ժամանակ Սաակաշվիլին հայտարարել է.
«Այն շրջանները, որոնք համարվում էին Վրաստանի ամենալքված շրջանները, ներկայումս զարգանում են շատ արագ տեմպերով: Դրանց թվում են Կախեթն ու Ջավախքը: Կազբեկի շրջանն այլևս երբեք չի լինի փակուղի: Այն այնպես կփոխվի, որ ոչ ոք չի կարող անգամ պատկերացնել, որ այստեղ աղքատություն է տիրել:
Դա կարևոր տրանսպորտային կետ է, ուր պետք է զարգացած լինեն թե՛ զբոսաշրջային, թե՛ սոցիալական ենթակառույցները: Ռուսաստանը հույս ուներ կոտրել Վրաստանին՝ հարվածելով նրա մի շարք շրջաններին: Արգելելով վրացական գինու ու գյուղատնտեսական արտադրանքի ներկրումը՝ Ռուսաստանը մտադիր էր կործանիչ հարված հասցնել Կախեթի շրջանին:
Ջավախքի հետ կապված՝ Ռուսաստանում հուսով էին, որ ռուսական ռազմաբազայի դուրս բերումից հետո կտիրի սով, և վերջին հաշվով մարդիկ խռովություն կբարձրացնեն: Կազբեկի շրջանի համար էլ կարծում էին, թե ամեն ինչ կփլուզվի մաքսային կետի փակումից հետո»:
Կազբեկի շրջանի զարգացման հետ կապված ՝Սաակաշվիլին հավելել է, որ 2012 թվականի վերջին կամ 2013 թվականի սկզբին մեկնարկելու է Ստեփանծմինդա շրջկենտրոնը Թբիլիսիի հետ կապող թունելի կառուցումը, ինչը կրկնակի կկրճատի ճանապարհը:











































