Շաբաթ օրը Սիրիայի և Լիբանանի սահմանի անցակետերից մեկը հարձակման էր ենթարկվել սիրիացի ապստամբների կողմից: Ավելի վաղ հաղորդել էինք, որ լիբանանցի շիաների ավտոբուսը կրակի տակ է ընկել, ինչի հետևանքով զոհվել էր 6, վիրավորվել ավելի քան 20 մարդ:
ITAR-TASS-ը հայտնում է, թե հարձակման համար պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ Սիրիայի կառավարության կողմից ձեռնարկվող՝ սահմանն ամրապնդելու միջոցառումները խոչընդոտում են Սիրիայից Հյուսիսային Լիբանան վիրավոր ապստամբների տեղափոխմանը, որտեղ նրանց օգնություն է ցուցաբերվում իսլամական բարեգործական կենտրոններին պատկանող մասնավոր հիվանդանոցներում:
Շիայական «Հըզբոլլահ» շարժումը հերքել է մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված այն տեղեկությունը, որ ավտոբուսում եղել են իրենց շարժման զինյալները, որոնք, սիրիական ընդդիմության պնդմամբ, կռվում են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի կողքին:
Հայտարարության մեջ ասվում է, որ բոլոր տուժածները եղել են ուխտավորներ, որոնք Սիրիայի տարածքով ուղևորվում էին Իրաքի շիական սրբավայրեր: «Նման հորինվածքների տարածումը կրում է սադրիչ բնույթ և ուղղված է միջկոնֆեսիոնալ հակամարտության հրահրմանը»,- ասել է շարժման ներկայացուցիչը:
Լիբանանի կառավարությունը չեզոք դիրքորոշում է որդեգրել Սիրիայի ներքաղաքական դրության վերաբերյալ:
Համաարաբական Al-Hayat թերթը գրում է, որ վերջին ամսում պաշտոնական Դամասկոսը երկու անգամ դիմել է Լիբանանի իշխանություններին՝ պահանջելով իրեն հանձնել վարչակարգի մի քանի հակառակորդների, որոնք փախստականների հետ տեղափոխվել էին հարևան երկիր: Սակայն Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը և վարչապետ Նաջիբ Միկատին չեն համարձակվում նման քայլի դիմել՝ զգուշանալով միջազգային հանրության բացասական արձագանքից:
Լիբանանի կառավարությունը, ի տարբերություն Թուրքիայի, առայժմ զերծ է մնում փախստականների համար հատուկ ճամբարի կառուցումից՝ զգուշանալով, որ այդ դեպքում նրանց թիվն ավելի կաճի:











































